ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պահպանման ֆոնին ռազմական ռիսկերի ապահովագրական վճարները կրճատվել են ավելի քան երկու անգամ։
Հորմուզի նեղուցով անցնող նավերի ապահովագրության արժեքը վերջին վեց օրերի ընթացքում նվազել է ավելի քան երկու անգամ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ նշելով, որ շուկան դրական է արձագանքել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պահպանմանը։
Պարբերականի տվյալներով՝ նավերի համար ռազմական ռիսկերի ապահովագրական վճարները, զեղչերը հաշվի առնելով, նվազել են նավի արժեքի մոտ 5%-ից մինչև 2%։ Խոշոր նավթատար տանկերների դեպքում դա նշանակում է հարյուր հազարավոր դոլարների խնայողություն յուրաքանչյուր ուղևորության համար։
Financial Times-ը նշում է, որ ապահովագրական սակագների նվազումը սկսվել է անցյալ շաբաթ Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ուղղություններով։
Վերլուծաբանների կարծիքով՝ տարածաշրջանում լարվածության նվազումը և Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությանը վերաբերող մտահոգությունների թուլացումը նպաստել են ապահովագրական շուկայի կայունացմանը և ծովային փոխադրումների ծախսերի կրճատմանը։