Անահիտ Ավանեսյանը չի ուզում փոխել պաշտոնը

Բաժանորդագրվել

Առողջապահության նախարարը փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու լուրերին հստակ պատասխան չտվեց։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ցանկություն ունի, որ նոր ձևավորվող կառավարությունում շարունակի ղեկավարել հենց առողջապահական ոլորտը։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում` շեշտելով, որ սա իր անձնական ցանկությունն է։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշի նրան առաջարկել փոխվարչապետի պաշտոնը, Ավանեսյանը հստակ պատասխան չտվեց։

«Ես ցանկանում եմ շարունակել ղեկավարել առողջապահության նախարարությունը։ Կաբինետի վերաբերյալ վարչապետն ինքը կներկայացնի, ես ներկայացնում եմ, թե որտեղ եմ ինքս ինձ տեսնում»,– նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նշենք, որ Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում 3–րդն է և ցուցակի առաջին կին գործիչը։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նրա ակտիվությունից հետո ենթադրություններ հնչեցին, որ Ավանեսյանին կարող է առաջարկվել փոխվարչապետի պաշտոնը։

Leave a comment