Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ ուժեղ երկրաշարժից հետո։
«Մենք այս պահին մեր սահմանադրությանը համապատասխան արտակարգ դրություն ենք հայտարարում», – ասել է Ռոդրիգեսը հեռուստաուղերձում։
Ռոդրիգեսը, առանց թվեր նշելու, հաստատել է, որ երկրաշարժը զոհեր է ունեցել՝ ցավակցություն հայտնելով նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին։
Ժամանակավոր նախագահի խոսքով՝ երկրի գլխավոր «Մայկետիա» օդանավակայանը փակվել է նրա ենթակառուցվածքների վնասման պատճառով։
Զոհվածների և տուժածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ առայժմ չեն հրապարակվել։ Սոցցանցերում տարածված բազմաթիվ կադրեր ցույց են տալիս շենքերի և ենթակառուցվածքների լայնածավալ ավերածություններ ամբողջ Վենեսուելայում, այդ թվում՝ Կարակասում։
Ինչպես հաղորդվում էր, Վենեսուելայի իշխանությունները արձագանքում են ուժեղ երկրաշարժի հետևանքներին, որը զգացվել է ամբողջ երկրով մեկ, ներառյալ Յարակույում, Լարայում, Մերիդայում, Արագուայում, Կարաբոբոյում, Լա Գուայրայում և Միրանդայում, ինչպես նաև մայրաքաղաքային շրջանում։
Երկրաշարժը տեղի է ունեցել Կարակասից հյուսիս-արևմուտք՝ չորեքշաբթի օրը տեղական ժամանակով 18:00-ից հետո։ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) գրանցել է ցնցումների երկու շարք՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ ՌԴ ԳԱ Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղում երկրաշարժի մագնիտուդը գնահատել են 6,9։
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) Վենեսուելայի երկրաշարժին տվել է կարմիր ահազանգի մակարդակ։ Սա նշանակում է, որ մասնագետները թույլ են տալիս մեծ թվով զոհերի և լայնածավալ վնասների հավանականություն։