Հորմուզի նեղուցը բաց է․ նավթի գները շարունակում են նվազել

Նավթային շուկաներում գներն իջնում են՝ Հորմուզի նեղուցով մատակարարումների արագ վերականգնման ֆոնին։

Համաշխարհային նավթային շուկաներում գները շարունակում են նվազել՝ հասնելով Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության մեկնարկից ի վեր գրանցված ամենացածր մակարդակներին։ Գների անկումը պայմանավորված է Հորմուզի նեղուցով նավթի և վառելիքի մատակարարումների արագ վերականգնման մասին հաղորդումներով, որոնք մեղմել են շուկայի մտահոգությունները։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 1,22 դոլարով կամ 1,65%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 72,52 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանի ընթացքում Brent-ը էժանացել էր 3,34 դոլարով կամ 4,3%-ով՝ փակվելով 73,74 դոլարի մակարդակում։

Միաժամանակ, Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1 դոլարով կամ 1,42%-ով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 69,34 դոլար։ Նախորդ նստաշրջանում WTI-ն կորցրել էր 2,87 դոլար կամ 3,9%՝ հասնելով 70,34 դոլարի։

Վերլուծաբանների կարծիքով՝ Հորմուզի նեղուցով նավթափոխադրումների բնականոն ընթացքի վերականգնումը նվազեցրել է մատակարարումների խափանման ռիսկերի վերաբերյալ մտահոգությունները, ինչն էլ նպաստել է նավթի համաշխարհային գների հետագա անկմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment