ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփի վարչակազմն են հանդիպել․ ինչ են խոսել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել են Թուրքիայի համար ամերիկյան F-35 կործանիչներին։

«Փիթը [պատերազմի նախարար Հեգսեթ] և ամբողջ թիմը հիմա ուսումնասիրում են այս հարցը, քանի որ կան որոշակի բաներ, որոնք մենք պետք է հավաստագրենք՝ հաստատելու համար, որ դրանք իրականում տեղի են ունեցել՝ համապատասխանելու ԱՄՆ օրենսդրությանը: Նախագահը խնդրել է մեզ դա անել: Մենք մանրակրկիտ ստուգում և վերստուգում ենք ամեն ինչ՝ հաստատելու համար, որ պայմանները բավարարվել են: Սա իրականում Կոնգրեսի հարցն է, և նպատակն է համոզվել, որ Թուրքիան համապատասխանում է ԱՄՆ օրենսդրությանը՝ «F-35»-ներ ստանալու համար: Մենք կհայտարարենք այս մասին, երբ մենք ունենանք…»,- ասել է Վենսը։

«[Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանը, այսպես ասած, մի փոքր հակասական մարդ է, բայց ես ինքս այդպիսին եմ, վա՜յ: Բայց ես նրան ճանաչում եմ: Կարծում եմ՝ նա շատ լավ մարդ է: Նա շատ օգտակար է եղել մեզ համար»,- նշել է Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ հանդիպմանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն ասել է, որ Թրամփին համարում է ոչ միայն ԱՄՆ նախագահ, այլև «ազատ աշխարհի առաջնորդ»։

Սպիտակ տանը Ռուտտեն ներկայացրել է այն, ինչն անվանել է «Թրամփի տրիլիոն», նշելով ԱՄՆ նախագահի դերը ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների շրջանում պաշտպանական ծախսերի զգալի աճի մեջ։

Ռուտտեի խոսքով՝ Թրամփի պաշտոնը ստանձնելուց ի վեր եվրոպական երկրներն ու Կանադան լրացուցիչ մոտ 1.2 տրիլիոն դոլար են ծախսել պաշտպանության վրա, նաև հարյուրավոր միլիարդավոր դոլարների պատվերներ են կատարել ամերիկյան պաշտպանական ընկերությունների հետ։ «Ահա ձեր ապացույցը», – ասել է Ռուտտեն՝ այս թվերը մատնանշելով որպես ապացույց այն բանի, որ դաշինքը մոտենում է պաշտպանական բեռի ավելի արդարացի բաշխմանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև։

«Թուրքիան ունի հսկայական պաշտպանական արդյունաբերական բազա»,- ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։ «Երեք հազար ընկերություն է գործում ամբողջ դաշինքի տարածքում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում», – ընդգծել է նա։

Թրամփն իր հերթին ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները բախտավոր են, որ ունեն Ռուտտե։ «Ես պարզապես ուզում եմ ՆԱՏՕ-ի հավատարմությունը։ Մենք Գերմանիայում ունենք 50,000 զինվոր։ Մենք ուզում ենք փոխարենը «փոքրիկ համբույր», իսք նրանք ասում են. «Մենք չենք կարող դա անել»»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ում վառելիքի գներից՝ չնայած նավթի գների անկմանը․ «Նավթի գները շատ են նվազել, բայց լցակայաններում մենք չենք տեսնում այն ​​​​նվազումը, որը պետք է տեսնեինք համեմատության մեջ»։

«Իմ կարծիքով, լցակայաններում գինը հիմա պետք է լինի մոտ 2.25 դոլար [մեկ գալոնի համար], բայց այն ավելի բարձր է։ Մենք լայնածավալ հետաքննություն ենք անցկացնում այս հարցի շուրջ»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

Leave a comment