Դեմոկրատները ԱՄՆ Սենատին կոչ են արել շտապ ստուգել Թրամփի՝ ԱՄԷ-ի հետ կրիպտոգործարքները

ԱՄՆ-ում դեմոկրատ սենատորները կոչ են արել անհապաղ լսումներ անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի World Liberty Financial կրիպտոնախագծում ԱՄԷ պաշտոնյաների խոշոր ներդրումների վերաբերյալ։ Սենատորները մտահոգված են, որ այդ ներդրումները կարող էին ազդել Թրամփի վարչակազմի հետագա որոշումների վրա, որոնք շահավետ էին Արաբական Միացյալ Էմիրությունների համար։

Սենատորներ Էլիզաբեթ Ուորենը, Ռիչարդ Բլյումենթալը, Գարի Փիթերսը, Ռիչարդ Դըրբինը և Ռոն Ուայդենը դիմել են Սենատի մի քանի հանձնաժողովների՝ խնդրելով լսումներ անցկացնել գործարքի վերաբերյալ, որի շրջանակում Աբու Դաբիի թագավորական ընտանիքին մոտ կանգնած անձինք Թրամփի ընտանիքի հետ պայմանագիր են ստորագրել World Liberty Financial ընկերության բաժնետոմսերի 49%-ը 500 մլն դոլարով գնելու մասին։

Գործարքը կնքվել է 2025 թվականի հունվարին Թրամփի երդմնակալությունից չորս օր առաջ։ Նամակում նշվում է, որ համաձայնագրի շրջանակում օտարերկրյա գնորդները 218 մլն դոլար են վճարել ԱՄՆ նախագահի ընտանիքի և նրա` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ընտանիքի հետ կապված ընկերություններին։

Այս գործարքը պաշտպանել է ԱՄԷ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Թահնուն բեն Զայեդ Ալ Նահյանը։ Նամակի համաձայն՝ դա «դարձել է ամերիկյան քաղաքականության մեջ աննախադեպ իրադարձություն․ օտարերկրյա կառավարության ներկայացուցիչը դարձել է ԱՄՆ ապագա նախագահի ընկերության խոշոր բաժնետեր»։

Սենատորների նամակում կա պնդում, որ գործարքի կնքումից հետո մի քանի ամսվա ընթացքում Թրամփի վարչակազմը քաղաքական որոշումներ է ընդունել, որոնք շահավետ էին ԱՄԷ-ի համար։ Մասնավորապես, 2025 թվականի մայիսին հավանություն է տվել այդ երկրին 1.4 մլրդ դոլարի զենքի վաճառքին՝ չնայած Կոնգրեսի կասկածներին։ Նույն ժամանակ գործարկվել է ներդրումների հաստատման ընթացակարգը պարզեցնելու և արագացնելու փորձնական ծրագիր, որը լոբբինգի էր անում ԱՄԷ-ն։

ԱՄՆ առևտրի նախարարությունը նաև չեղարկել է չիպերի արտահանման սահմանափակումները, ինչի շնորհիվ ԱՄԷ-ն կարողացել է մի քանի անգամ ավելի շատ չիպեր ստանալ, քան ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք։ Այն հարցը, թե արդյոք World Liberty Financial ընկերությունում միլիոնավոր դոլարներով բաժնեմաս վաճառելով Թրամփն ԱՄԷ-ին հասանելիություն է տվել արհեստական բանականության համար նախատեսված չիպերին, սենատորները բարձրացրել էին դեռ փետրվարին։ Այն ժամանակ Կոնգրեսում դա անվանել էին «բացահայտ կոռուպցիա»։ Իսկ Թրամփը լրագրողներին հայտարարել էր, որ գործարքի մասին տեղյակ չի եղել, և դրանով զբաղվել են իր որդիները։

Այժմ սենատորները պահանջել են, որպեսզի Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները պատմեն, թե ինչ գիտեն նախագահի ընտանիքին և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում նրա գլխավոր դիվանագետ Ուիթքոֆի ընտանիքին կատարված վճարումների մասին։

«Նրանք նաև պետք է բացատրեն, թե ինչպես վերականգնել հավատը, որ վարչակազմը գործում է՝ ամերիկացի ժողովրդի շահերից, ոչ թե նախագահի և նրա մերձավորների անձնական շահերից ելնելով։ Այդ պատճառով մենք խնդրում ենք ձեզ անհապաղ լսումներ անցկացնել այս անհետաձգելի հարցերի վերաբերյալ», – ասվում է նամակում։

World Liberty Financial-ը ստեղծվել է Թրամփի ընտանիքի կողմից 2024 թվականի վերջում։ Այն ղեկավարում է Զաք Ուիթքոֆը՝ Սթիվ Ուիթքոֆի որդին։ Մայիսին շուկայում լուրեր էին շրջանառվում, թե Թրամփները լքել են նախագիծը, սակայն Դոնալդ Թրամփ կրտսերը հերքել է դրանք և հաստատել, որ ինքը և իր եղբայրները շարունակում են մնալ կրիպտոընկերության մաս։

Leave a comment