Պեսկով. «Հայաստանի ղեկավարությունը երկընտրանքի առջեւ է կանգնած»

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «Երեւանն այժմ գտնվում է զարգացման ուղու ընտրության գործընթացում»։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կանգնած է երկընտրանքի առջեւ։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարեւոր է, որովհետեւ դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարեւան, եղբայրական երկրներ», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Մենք սերտորեն փոխկապակցված ենք, եւ մեր երկրում շատ հայեր են ապրում, իսկ ռուսները՝ Հայաստանում։ Մեզ միավորում է շատ լավ ինտեգրացիոն գործընթաց։ Մենք համոզված ենք, որ այդ ինտեգրացիոն գործընթացը, այն է՝ ԵԱՏՄ-ն, տարեկան զգալի տոկոս է ավելացնում Հայաստանի ՀՆԱ-ի աճին», – նշել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված է Երեւանի հետ հետագա համագործակցությամբ.
«Մենք շատ համատեղ գործեր ունենք։ Մենք լուրջ ներդրող ենք Հայաստանում։ Հետեւաբար, հարաբերությունները շարունակելու են զարգանալ»։

Leave a comment