Երևանի թափառող հուշարձանը նոր «կեցավայր» է գտել

Ստեղծման օրվանից ի վեր քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի կերտած «Վահագն Վիշապաքաղի» մեծամասշտաբ արձանը չորրորդ անգամ է տեղափոխվում՝ փոխելով հինգ հասցե։

Այս անգամ այն հանգրվանեց Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակում։ Մինչև նոր հանգրվան հասնելը՝ արձանը ավելի քան երկու տասնամյակ (2004 թվականի դեկտեմբերից) տեղադրված էր Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հարևանությամբ՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում։

Հունիսի 18-ին կառավարությունը հավանություն էր տվել «Վահագն Վիշապաքաղի» արձանը նոր վայր տեղափոխելու որոշման նախագծին։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «արձանի տեղափոխությունը ավելի համապատասխան քաղաքաշինական միջավայր հնարավորություն կտա ապահովել դրա առավել լայն հանրային հասանելիությունը, բարելավել տեսանելիությունը և ընդգծել հուշարձանի մշակութային ու խորհրդանշական նշանակությունը, ստեղծել պայմաններ հուշարձանի պահպանության և պատշաճ ներկայացման համար»։

Թե որքանո՞վ է Ռուսաստանի ցածրադիր հրապարակն ավելի հարմար վայր արձանի տեսանելիությունն ապահովելու տեսանկյունից, կդատեն երևանցիները, բայց միանշանակ է, որ արձանի նախկին բարձրադիր հանգրվանն այդ առումով անհամեմատ ճիշտ ընտրված վայր էր։ Հանրային լինելու առումով էլ ներկայիս ընտրված վայրն աչքի չի ընկնում, քանի որ գտնվում է փողոցների մեջտեղում, ու թերևս այդ փողոցներով սլացող մեքենայի պատուհանից միայն մի պահ կարելի է նկատել արձանը։

Նշենք, որ ի սկզբանե Կառլեն Նուրիջանյանի քանդակի համար հենց մայրաքաղաքի կենտրոնում էր տեղ հատկացվել, և այսօր՝ հունիսի 24-ին, այն նորից վերադարձավ կենտրոն։ 3,5 մետր բարձրությամբ, 400 կգ քաշով պղնձաձույլ (պղնձից դրվագված) արձանը քանդակագործն ավարտին է հասցրել 1968 թվականին, և այն հաջորդ տարի տեղադրվել է ներկայիս Մաշտոցի պողոտայում, որն այն ժամանակ Լենինի անունով էր կոչվում։

1970-ականների կեսերին արձանը տեղափոխվել է «Մոսկվա» կինոթատրոնի և Հայաստանի նկարիչների միության մեջտեղում գտնվող հրապարակ։ Այնտեղ մնացել է մինչև 1980-ականների սկիզբը, երբ որոշվել է հայոց դիցաբանության ռազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստծո հուշարձանը մայրաքաղաքից տեղափոխել ավելի ծայրամաս՝ Էջմիածնի խճուղու մոտ՝ Փարաքարի ճանապարհին գտնվող լճի հարևանությամբ։ Այնտեղ այն տեղադրվել էր տուֆ քարի վրա՝ առանց ամրացնելու։ Սակայն արձանի տեղադրման համար այնքան էլ հարմար վայր չէր ընտրվել. լճում լողացող երեխաները բարձրացել էին արձանի վրա ու շուռ տվել այն, իսկ վերջին հարվածն էլ հասցրել էր լիճը մաքրող տրակտորը։

1990-ականների վերջին արձանը վերջապես տեղափոխվում է վերականգնող քանդակագործ Ներսես Չարխչյանի արվեստանոց, այնտեղ նոր կյանք ստանում ու արդեն տեղադրվում Մալաթիա-Սեբաստիա համայնքում, թեև այն ժամանակ առաջարկ կար Վահագնին Գառնի տեղափոխելու մասին։ Բայց արձանը մնաց Երևանում։ 

Օրվա քաղաքային իշխանությունները հայտարարում են, թե Ռուսաստանի հրապարակն այսուհետ մշտական հանգրվան է դառնալու Նուրիջանյանի ստեղծագործության համար։ Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ «այն խորհրդանիշները, որոնք խոսում են մեր ժողովրդի արժանապատվության և հաղթանակի մասին, իրենց արժանի տեղը պետք է ունենան քաղաքի կենտրոնում»։

 Մնում է՝ Ադրբեջանի բռնապետն իր դժգոհությունը չհայտնի քանդակին այդպիսի մեծ կարևորություն տալու քաղաքային իշխանությունների նախաձեռնության վերաբերյալ։ Չէ՞ որ Վահագնը մեզ համար պատերազմի ու հաղթանակի խորհրդանիշ է, իսկ մենք, Հայաստանի իշխանությունների խոնարհ հավատարմությամբ, այսօր Բաքվի բռնապետի առաջ գլուխ թեքողի կերպարով ենք ներկայանում, անունն էլ դնում՝ «խաղաղության ենք գնում»։

 Երևի քչերը գիտեն, որ Երևանում Վահագն աստծուն միայն այս մի հուշարձանը չի նվիրված։ Այն Վահագնի երեք արձաններից միայն մեկն է։ Եվս մեկ արձան, որի հեղինակը քանդակագործ Վաղինակ (Վահե) Հարությունյանն է, տեղադրված է Արաբկիր համայնքի Վաղարշյան փողոցում, իսկ մյուս քանդակը, որի հեղինակը Սուրեն Նազարյանն է, նորից Մալաթիա-Սեբաստիա համայնքում է՝ թաղապետարանի հարակից այգում։

Թագուհի Ասլանյան

Leave a comment