ՍԴ-ն ԿԸՀ-ից, ԱԱԾ-ից տվյալներ է պահանջել, իսկ Սաֆարյանը կմասնակցի ԱԺ ընտրությունների վիճարկման դատավարությանը

Հայաստանի Սահմանադրական դատարանը մասնակիորեն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունը:

Բարձր դատարանը կենտրոնական ընտրական հանձնաժողովից և ազգային անվտանգության ծառայությունից պահանջել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին վերաբերող ծավալուն տվյալներ։

Դատարանը ԿԸՀ-ին պարտավորեցրել է մինչև հունիսի 24-ի ժամը 18:00-ն ներկայացնել գաղտնի պահված վայրերում քվեարկած 16 738 անձանց, հաշվառումից ժամանակավորապես հանվածների և 18-23 տարեկան ընտրողների վերաբերյալ տվյալները՝ կրկնակի քվեարկությունը բացառող վերահսկողական մեխանիզմների պարզաբանմամբ, այս մասին նշված է դատարանի աշխատակարգային որոշումներում։

Բացի այդ, ընտրական հանձնաժողովից պահանջվել են բացատրություններ ձեռքով, ստեղնաշարի միջոցով տեխնիկական սարքերի մեջ տվյալների ներմուծմամբ տպված 79 125 քվեարկության կտրոնների վերաբերյալ։

Մեկ այլ որոշմամբ Սահմանադրական դատարանը սեփական նախաձեռնությամբ ԱԱԾ-ից պահանջել է 2025 և 2026 թվականների մայիս-հունիս ամիսներին Հայաստանի սահմանը հատած 18 տարին լրացած քաղաքացիների թվային տվյալները՝ դրանք համադրելու նպատակով։

ՍԴ դիմուներ են ներկայացվել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Նոր ուղի», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունների կողմից։ Դիմումների հիմնական պահանջը ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքների մասին որոշումն անվավեր ճանաչելն է։

Դատարանը բոլոր դիմումները միավորել է մեկ վարույթում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներգրավված է որպես երրորդ անձ։ Բանավոր ընթացակարգով դատաքննությունը նշանակված է հունիսի 26-ին, ժամը 11:00-ին, իսկ գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը։ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը։ Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը պահանջել էր բացառել Սեդա Սաֆարյանի մասնակցությունն առաջիկա դատավարությանը։

Ըստ դաշինքի՝ Սեդա Սաֆարյանը կողմնակալ է, շնորհակալություն է հայտնել իշխանությանը՝ իրեն ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու համար, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ունի բացասական ու կողմնակալ վերաբերմունք, 2021-ի ԱԺ ընտրություններին մասնակցել է Արման Բաբաջանյանի հետ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ով:

Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս Սահմանադրական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները:

Ուրբաթ օրը կայանալիք քննությանը կմասնակցեն ՍԴ 9 դատավորներից 7-ը։

 

Leave a comment