ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի

ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավարն ազդարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային հարստացման օբյեկտներ, ինչը պատերազմին վերջ դնելու համար Միացյալ Նահանգների և Իրանի միջև կնքված ժամանակավոր համաձայնագրի կարևորագույն բաղադրիչն է, գրում է Al Arabiya-ն։

Ռաֆայել Գրոսսիի այս հայտարարությունը ՄԱԿ-ի կողմից մինչ այժմ արված ամենահստակ մեկնաբանությունն է, որը համարվում է Իրանի միջուկային պաշարների կարգավիճակը որոշելու կարևոր գործոն։

2025 թվականին Իսրայելի կողմից Իրանի դեմ 12-օրյա պատերազմ սկսելուց ի վեր Թեհրանն արգելել է ՄԱԳԱՏԷ-ի այցերը հարստացման կայաններ, որտեղ, ենթադրաբար, Իսլամական Հանրապետությունը պահում է բավարար քանակությամբ բարձր հարստացված ուրան՝ մինչև 10 միջուկային զենք կառուցել համար, եթե որոշի ռումբ ստեղծել։ Իրանը վաղուց պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում, չնայած այն աշխարհում միակ երկիրն է, որն ուրան է հարստացրել մինչև 60 տոկոս մաքրության՝ առանց զենքի ծրագրի։

ԱՄՆ-ը և Իրանը երեքշաբթի  հակասական մեկնաբանություններ էին արել կայանների ստուգման վերաբերյալ։

«Ես կարող եմ հասկանալ քաղաքական հայտարարությունները, դրանք իրականության մաս են կազմում, բայց հիմնարար բանը, որ ես կցանկանայի հիշեցնել ձեզ, այն է, որ երկու նախագահների կողմից ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր»,- լրագրողներին ասել է Գրոսսին ցունամիից տուժած Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ համաձայնագրում «բացահայտորեն նշվում է, որ միջուկային նյութերի օբյեկտների հետ կապված իրականացվելիք միջուկային գործունեությունը կհսկվի ՄԱԳԱՏԷ-ի կողմից՝ բոլոր առումներով։

«Ակնհայտ է, որ դա անելու համար մենք պետք է ստուգում անցկացնենք։ Անկախ նրանից՝ դա տեղի կունենա վաղը, մյուս օրը, թե մեկ շաբաթից, տասը օրից, դա կարևոր է, բայց ոչ էական։ Սա տեղի է ունենալու»,- ասել է Գրոսսին։

Այդ ստուգումներն առանցքային են համաձայնագրի համար, որը նախատեսում է Իրանում ուրանի հարստացման մակարդակը բարձրից իջեցնել ավելի ցածր մակարդակի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment