Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել է Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը`Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ղեկավար պաշտոններին նշանակվելուց զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատժի կրելու ուղարկելու վերաբերյալ։
Այսինքն Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի։
«ՏԻՄ մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկատարելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժ չկրելու վերաբերյալ որոշումը մերժել»,– որոշումը կարդաց դատավոր Դավթյանը։
Դատարանը համաձայնել է պաշտպանական կողմի դիրքորոշմանը՝ նշելով, որ գործող իրավակարգավորումները վատթարացնում են Առուշանյանի իրավական վիճակը, քանի որ նրա կողմից արարքը կատարելու և դատապարտվելու պահին նման կարգավորումներ չեն եղել։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Առուշ Առուշանյանը մեկ դրվագով արդարացվել էր, իսկ մյուսով՝ դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հաշվի առնելով կալանքի տակ անցկացրած ժամանակը՝ վերջնական պատիժ էր սահմանվել 6 ամիս ազատազրկումը, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Բացի այդ, նա զրկվել էր 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Ավելի ուշ Պրոբացիայի ծառայությունը փորձել էր այդ պատիժը փոխարինել ազատազրկմամբ՝ պնդելով, որ Առուշանյանը խուսափում է պատժի կատարումից։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ 5 տարվա պաշտոնավարման արգելքը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ազատազրկմամբ, իսկ վերաքննիչ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 1 տարի 11 ամիս ազատազրկումը։
Սակայն վճռաբեկ դատարանը հետագայում արձանագրել էր ընդդատության խախտում և գործն ուղարկել հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Վերջինս էլ մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։