ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «ՕՊԵԿ հիմնադրամի զարգացման ֆորում 2026» խորագրով բարձրաստիճան միջոցառմանը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «ՕՊԵԿ հիմնադրամի զարգացման ֆորում 2026» (OPEC Fund Development Forum 2026) խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։
Այս տարվա հեղինակավոր ֆորումը, որը համախմբել է համաշխարհային առաջնորդների, տարբեր երկրների պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների, ֆինանսական ոլորտի պատասխանատուների և միջազգային զարգացման համայնքի առաջատար փորձագետների, հոբելյանական է՝ նվիրված ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի գործունեության 50-ամյակին:
Ֆորումի հիմնական նպատակն է սահմանել կայուն զարգացման և նորարարական ֆինանսավորման ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև քննարկել արդի գլոբալ մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։
Քննարկումների առանցքային թեմաներից էին տնտեսական անորոշությունների և կլիմայական մարտահրավերների պայմաններում պետությունների դիմադրողականության բարձրացումը, ինչպես նաև ռիսկերին առավել ենթակա հասարակությունների պաշտպանվածության ապահովումը։ Բացի այդ, քննարկվել են հաջորդ սերնդի ենթակառուցվածքների ֆինանսավորման նորարարական գործիքները, էներգետիկ և ջրային համակարգերի արդիականացման հեռանկարները, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների դերը զարգացման ծրագրերի արագացման և ներառական աճի խթանման գործում։
Ֆորումի շրջանակներում նախարար Վահե Հովհաննիսյանը կառուցողական և արդյունավետ երկկողմ հանդիպումներ է ունեցել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի, ինչպես նաև հիմնադրամի հանրային և մասնավոր հատվածների գծով փոխնախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են համաշխարհային ֆինանսական կառույցների և զարգացման գործընկերների հետ համագործակցության խորացման, Հայաստանի զարգացման առաջնահերթությունների իրականացման նպատակով ֆինանսական ռեսուրսների ներգրավման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմավարական ծրագրերի առաջմղման հնարավորությունները։
Երկկողմ քննարկումների ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» 80 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագրի ստորագրման արարողությունը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի տնտեսական վերափոխմանը՝ գործարար և ներդրումային միջավայրի կատարելագործման, ներդրումների և առևտրի խթանման, ինչպես նաև առավել կանաչ, ներառական և դիմակայուն զարգացման ապահովման միջոցով՝ հիմքեր ստեղծելով երկարաժամկետ, դինամիկ և կայուն տնտեսական աճի համար։