Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի: Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։

Դատավորը համաձայնել է պաշտպանական կողմի դիրքորոշման հետ, որ գործող իրավակարգավորումները վատթարացնում են Առուշանյանի վիճակը՝ հաշվի առնելով, որ արարքը կատարելու և դատապարտվելու պահին նման իրավահարաբերություններ չեն եղել, իսկ պատժի փոխարինումը քրեաիրավական հարաբերություն է, ոչ թե՝ քրեադատավարական։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել էր Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Գորիսի համայնքապետն արդարացվել էր իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել ու դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Վերջինը հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ եղած ժամկետը՝ դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է 6 ամիս ժամկետով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել։

Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։ Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։

Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել էր միջնորդությունը՝ արձանագրելով, որ դա իրենց լիազորություններից չի բխում։ ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել էր արձանագրություն Առուշանյանի կողմից պատժից խուսափելու մասին, և միջնորդություն ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ 5 տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու վերաբերյալ։ Առուշ Առուշանյանը վիճարկել էր ՊԾ գործողությունների իրավաչափությունը, սակայն դատարանը մերժել էր բողոքը։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին մասնակի բավարարել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ 2022թ․ մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։ Այս դատական ակտը բողոքարկվել էր դատախազության և Գորիսի ղեկավարի պաշտպանի կողմից։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, որոշել էր մասնակի բավարարել բողոքները։ Արդյունքում՝ համակցման կանոններով մասնակիորեն գումարելով՝ դատարանը վերջնական պատիժ է սահմանել 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը։ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը մնացած մասով թողնվել էր անփոփոխ: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներ էին ներկայացվել։ Հաջորդ տարի հայտնի էր դարձել, որ բողոքները վարույթ են ընդունվել և մեկ տարի անց միայն դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ խախտվել է ընդդատությունը և, որ այդ հարցը պետք է քննարկվեր Հակակոռուպցիոն դատարանում։ Դրանից հետո գործը  նոր քննության համար ուղարկվել էր Հակակոռուպցիոն դատարան։

Leave a comment