Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները տեխնիկական սարքավորումների մասին, որոնք, ըստ Զելենսկիի, օգնում են ռուսական զորքերին Բելառուսի տարածքից հարվածներ հասցնել Ուկրաինային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Սա ակնհայտորեն նպատակ ունի Բելառուսին ուղղակիորեն ներքաշել հակամարտության մեջ և ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը՝ դրանով իսկ բարդացնելով հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու հնարավորությունը»,- հայտարարել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ Մոսկվայի և Մինսկի միջև անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը գործում է անցյալ տարվա մարտից։
«Անհրաժեշտության դեպքում, մենք պատրաստ ենք ձեռնարկել համաձայնագրով նախատեսված միջոցառումների ամբողջ շարքը՝ մեր դաշնակցի անվտանգությունն ապահովելու համար»,- վստահեցրել է ռուսաստանցի պաշտոնյան։
Ուրբաթ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսն «իր աշտարակների վրա ունի վերահաղորդիչներ»՝ «սարքավորումներ, որոնք կրակն ուղղում են ուկրաինական բնակչության վրա»։ Նա պահանջել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «հեռացնի» կամ «անջատի» այդ սարքավորումները։
«Կարծում եմ՝ մեկ շաբաթը բավարար կլինի նրան՝ դա անելու համար։ Եթե նա չանի, մենք կանենք»,- ասել էր Ուկրաինայի նախագահը։
Հաջորդ օրը Զելենսկին հայտարարել էր, որ «Ուկրաինան բազմիցս ազդարարել է» «Ռուսաստանին՝ այս պատերազմի մեջ Բելառուսին ներքաշելու» վտանգավոր հետևանքների մասին։
«Մենք Ուկրաինայում գիտենք Բելառուսում չորս նման վերահաղորդիչների մասին, մասնավորապես, Գոմելի և Բրեստի մարզերում։ Հենց այս սարքավորումների շնորհիվ են հարձակումներ իրականացվել Ժիտոմիրի, Ռովնոյի և Վոլինի մարզերի, մեր էներգետիկ ոլորտի, մեր երկաթուղիների վրա»,- ասել էր նա։
Բացի այդ, Զելենսկին Լուկաշենկոյին մեղադրել էր, որ բելառուսական ընկերությունները ռուսական բանակի համար բաղադրիչներ են մատակարարում. «Մենք նաև գիտենք Բելառուսի յուրաքանչյուր գործարանի մասին, որն աշխատում է Ռուսաստանի համար և նպաստում է այս պատերազմին։ Ուկրաինան դա չի ուզում, և մենք զգուշացրել ենք Բելառուսի փաստացի ղեկավարությանը, որն ազդում է այս իրադարձությունների վրա»։
Երկուշաբթի Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն Ուկրաինայի նախագահի հայտարարություններն անվանել էր «բացարձակապես ագրեսիվ» և սպառնալից, նաև հայտարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Լուկաշենկոյի միջև «շփումների» մասին։ Պուտինն անձամբ չի մեկնաբանել Զելենսկիի խոսքերը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի