Հայտնի է` ինչու է Գյումրիից Մոսկվա մեկնած ինքնաթիռը վայրէջք կատարել Մախաչկալայում

Բաժանորդագրվել

Ինքնաթիռում եղել է 186 մարդ, որոնց պատրաստվում են մեկ այլ ինքնաթիռով տեղափոխել Մոսկվա։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի –- Sputnik. Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում, քանի որ, նախնական տվյալով, սխալմամբ միացել է օդանավի հերմետիկության խախտման սենսորը։ Այդ մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի տրանսպորտի արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել։ Որոշ ժամանակ անց Ռոսավիացիայից հայտնեցին, որ օդանավը վայրէջք է կատարել Մախաչկալայի պահեստային օդանավակայանում։

«Նախնական ստուգմամբ պարզվել է, որ Մախաչկալայի օդանավակայանում հարկադիր վայրէջքի նախնական պատճառը եղել է հերմետիկության խախտման սենսորի սխալ աշխատանքը։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան», – ասվում է քննչական վարչության հաղորդագրության մեջ:

Հարկադիր վայրէջքի փաստով կազմակերպվել է նախաքննական ստուգում, իրավապահները պարզում են տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները։

Ավիաընկերությունից հստակեցրել են, որ մասնագետները գնահատում են օդանավի տեխնիկական վիճակը։

Մախաչկալայում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 186 մարդ, որոնց պատրաստվում են մեկ այլ ինքնաթիռով տեղափոխել Մոսկվա։

ՌԻԱ Նովոստին, հղում անելով ավիաընկերությանը, հայտնում է, որ ուղևորները պահեստային ինքնաթիռով ՌԴ մայրաքաղաք կմեկնեն Մոսկայի ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով 17:00-ին)։ Այժմ ուղևորները անձնագրային ստուգում են անցնում և սահմանված կարգով ստանում ուղեբեռը:

Leave a comment