Նավթագազային Chevron կորպորացիան քսանամյա համաձայնագիր է կնքել բնական գազի մատակարարման վերաբերյալ՝ Microsoft-ի Արևմտյան Տեխասում կառուցվելիք նոր խոշոր տվյալների կենտրոնը էներգիայով ապահովելու համար: Այս մասին հաղորդում է CNBC-ն։
Ակնկալվում է, որ Kilby տվյալների կենտրոնը կսպառի մոտ 2.7 գիգավատ էլեկտրաէներգիա, ինչը համադրելի է շուրջ երկու միլիոն տան պահանջարկի հետ։ Էներգիայի հիմնական մասը կապահովեն Chevron-ի գործընկեր GE Vernova ընկերության խոշոր գազային տուրբինները, ինչպես նաև Caterpillar-ի սարքավորումները։ Օբյեկտի շինարարությունը դեռ չի սկսվել, վերջնական ներդրումային որոշումը սպասվում է այս տարվա ընթացքում, իսկ էներգիայի առաջին մատակարարումները նախատեսված են 2028 թվականին։
Ընթացիկ տարում Microsoft-ի կապիտալ ծախսերը տվյալների կենտրոնների ենթակառուցվածքի զարգացման համար կհասնեն 190 միլիարդ դոլարի, ինչը 61%-ով գերազանցում է 2025 թվականի ցուցանիշը։
Ավելի վաղ տեխնոլոգիական ընկերությունը հիմնականում ներդրումներ էր կատարում վերականգնվող էներգիայի աղբյուրներում և միջուկային էներգետիկայում՝ արտանետումները նվազեցնելու նպատակով, սակայն նավթային ոլորտի հետ այս գործընկերությունը ցույց է տալիս, որ ընկերությունը պատրաստ է օգտագործել նաև հանածո վառելիք՝ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը բավարարելու համար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։