100 տարեկանում մահացել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (Կենտրոնական բանկի) նախկին ղեկավար Ալան Գրինսփենը։
Նրա կինը՝ NBC News հեռուստաալիքի լրագրող Անդրեա Միտչելը հայտնել է, որ մահվան պատճառը Պարկինսոնի հիվանդության հետևանքներն են։
Գրինսփենը ղեկավարել է Դաշնային պահուստային համակարգը 1987–2006 թվականներին՝ մոտ 20 տարի։ Այդ ժամանակահատվածում ԱՄՆ տնտեսությունում արձանագրվել է երկարատև և կայուն աճ, իսկ դոլարի դիրքը պահպանվել է ամուր։
Նրան հաճախ անվանել են «ամերիկյան ֆինանսական համակարգի գլխավոր ճարտարապետ», սակայն քննադատները կարծում են, որ նա չափազանց մեծ վստահություն է ունեցել էժան վարկերի նկատմամբ, ինչը նպաստել է 1990-ականների «դոթքոմների» ճգնաժամին և հետագայում՝ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամին։
Գրինսփենը ծնվել է 1926 թվականի մարտի 6-ին Նյու Յորքում։ Նրա մայրը միայնակ է մեծացրել նրան։ Երիտասարդ տարիներին նա եղել է նաև տաղանդավոր երաժիշտ՝ սովորել է կլարնետ նվագել Ջուլիարդի դպրոցում և ելույթներ ունեցել ջազային խմբերում։
19 տարեկանում նա ընդունվել է Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, իսկ հետագայում դարձել է բանկային և ֆինանսական ոլորտի ազդեցիկ մասնագետ՝ աշխատելով նաև JP Morgan-ում։
1952 թվականին նա ծանոթացել է գրող և լիբերտարիան գաղափարների տարածող Այն Ռանդի հետ, որի գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել նրա տնտեսական հայացքների վրա։
Գրինսփենը հայտնի էր նաև իր ազատ շուկայի կողմնակցի դիրքորոշմամբ և տեսակետով, որ պետության չափից ավելի միջամտությունը կարող է խոչընդոտել տնտեսական զարգացումը։
Նախագահ Էյզենհաուերի ժամանակ նա կարողացել է կանխատեսել ռեցեսիայի սկիզբը, իսկ հետագայում դարձել է Ռիչարդ Նիքսոնի խորհրդականը 1968 թվականի հաջող նախագահական քարոզարշավի ընթացքում։ Նիքսոնի հաղթանակից հետո նա գլխավորել է նախագահի տնտեսական խորհրդականների խորհուրդը։
Հետագայում Գրինսփենը Նիքսոնին բնութագրել է որպես «պարանոյիկ և ցինիկ մարդատյաց», սակայն նրա հաջողությունները գնաճը վերահսկելու գործում տպավորել են հաջորդ նախագահներին։
–00—ՍՊ