Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»

Քաղաքականություն

22.06.2026 | 21:54

Հայաստանի իշխանությունները ճնշում են Ռուսաստանի հետ համագործակցության կողմնակից քաղաքական գործիչներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ասել է, թե  Հայաստանում որոշ մեկնաբաններ, իբր, փորձում են համոզել մարդկանց, որ Մոսկվան պատժում է հանրապետությունը իր «անհնազանդության» համար։

«Սա մաքուր քարոզչական մանիպուլյացիա է»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։

Բացի այդ, նա հայտարարել է, թե  Ռուսաստանը միշտ հետաքրքրված է եղել ուժեղ և ինքնիշխան Հայաստանով։

«Մոսկվան միշտ եղել և մնում է շահագրգռված ուժեղ և իսկապես ինքնիշխան Հայաստանով։ Ինչպես նախկինում, մենք Հայաստանը համարում ենք Հարավային Կովկասում բնական գործընկեր, իսկ հայ ժողովրդին՝ եղբայրական։ Նրա  համար ցանկանում ենք բացառապես խաղաղություն և բարգավաճում»,- ասել է նա։

Զախարովան ասել է նաև, թե Ռուսաստանի և Հայաստանի միջև առողջ միջպետական ​​հարաբերություններ կառուցելու համար անհրաժեշտ է կառուցողական և ազնիվ մոտեցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անհրաժեշտ երկրների հարաբերությունները կարգավորելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment