Ինտերնետը Հայաստան կփոխանցվի Ադրբեջանի տարածքով. համաձայնագիր է ստորագրվել

Բաժանորդագրվել

Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Տելեկոմ Արմենիա» (Team Telecom Armenia) և «AzerTelecom» ընկերությունները ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ համաձայնագրի շրջանակում «AzerTelecom»-ը կապահովի ինտերնետ-տրաֆիկի տարանցումը դեպի Հայաստան՝ օգտագործելով սեփական ենթակառուցվածքը:

«Համաձայնագրով նախատեսվում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում կոմերցիոն հիմունքներով։ «Տելեկոմ Արմենիան» համաձայնագրի շրջանակում ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվը և աշխարհագրությունը՝ ապահովելով տարանցումը սեփական ենթակառուցվածքների միջոցով դեպի Ադրբեջան»,– ասված է հայաստանյան ընկերության հաղորդագրությունում։

Նշվում է, որ համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը։

Leave a comment