Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել

Քաղաքականություն

22.06.2026 | 10:55

Ռուսական զորքերը հունիսի լույս 22-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի նավահանգիստներ ուղևորվող երկու քաղաքացիական առևտրային նավերի վրա, հայտնում է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան, գրում է Current time-ը։

Ուկրաինայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ հարվածի հետևանքով Պանամայի դրոշի ներքո նավարկող Victress նավի վրա հրդեհ է բռնկվել։ Թուրքական սեփականության նավի վրա եղել է անձնակազմի 9 անդամ՝ Եգիպտոսի, Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներ։

Կուլեբան հայտնել է, որ մեկ մարդ զոհվել է՝ նավի 58-ամյա խոհարարը, նա Եգիպտոսի քաղաքացի է։ Մնացած ութ նավաստիները, այդ թվում՝ Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներ, տարհանվել են։ Նավը զգալի վնասներ է կրել և այլևս  պիտանի չէ շահագործման։

MarineTraffic-ի տվյալներով՝ Victress-ը հունիսի 21-ին գտնվել է Սև ծովում։

Բացի այդ, Ուկրաինայի փոխվարչապետի խոսքով՝ ռուսական ուժերը հարձակվել են Պալաուի և Բելիզի դրոշներով նավերի վրա։ Դրանք շարունակել են իրենց ճանապարհը՝ չնայած վնասներին։

«Սա Ռուսաստանի կողմից կատարված հերթական ռազմական հանցագործությունն է։ Առևտրային նավերի և մարդասիրական նավագնացության ուղիների վրա հարձակումներն ուղղակի սպառնալիք են համաշխարհային պարենային և տնտեսական անվտանգության համար և պահանջում են միջազգային հանրության վճռական արձագանքը»,- հայտարարել է Կուլեբան։

Առաջին անգամ չէ, որ Ռուսաստանը Սև ծովում հարձակվում է քաղաքացիական առևտրային նավերի վրա։ Հունիսի լույս 19-ի գիշերը ռուսական ուժերը հարձակվել էին Պանամայի ու Սենթ Քիթս և Նևիսի դրոշներով քաղաքացիական նավերի վրա։ Այն ժամանակ հարձակման հետևանքով զոհվել էր Պանամայի դրոշի ներքո նավարկող նավի անձնակազմի անդամը, իսկ երկու այլ նավաստիներ վիրավորվել էին։ Երկրորդ նավի անձնակազմի երեք անդամներ ևս թեթև վնասվածքներ էին ստացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment