Իսրայելի վարչապետը հրահանգել է դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հարվածները

Բաժանորդագրվել

ԱՄՆ իշխանությունները ճնշում են գործադրել Իսրայելի ղեկավարության վրա։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակին հրահանգել է դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հարվածները։ Այս մասին հայտնում է 12-րդ ալիքը:

Իսրայելական հեռուստաընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ եթե «Հզբոլլահը» պահպանի հրադադարը և չդիմի նոր հարձակումների, ապա Իսրայելի պաշտպանության բանակը նույնպես կդադարի հարձակողական գործողությունները:

Որոշումն ընդունվել է հունիսի 21-ին Շվեյցարիայում նախատեսված բանակցությունների, ինչպես նաև Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իսրայելի ղեկավարության վրա գործադրվող ճնշման ֆոնին:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։

Leave a comment