ԱՄՆ հետախուզական ծառայությունները նախազգուշացրել են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հավանաբար, կարող է ձեռնարկել քայլեր, որոնք կխոչընդոտեն Վաշինգտոնի ջանքերը՝ Իրանի հետ երկարաժամկետ խաղաղ համաձայնության հասնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում կատարելով գործող և նախկին ամերիկացի պաշտոնյաների։
Հետախուզական գնահատականների համաձայն՝ Իսրայելը մտադիր է շարունակել ռազմական գործողությունները «Հեզբոլլահի» դեմ Լիբանանում՝ չնայած այն հանգամանքին, որ այդ երկրում ռազմական գործողությունների դադարեցումը վերջերս ստորագրված ամերիկա-իրանական հուշագրի առանցքային դրույթներից մեկն է։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելում կարծում են, որ համաձայնագիրը սահմանափակում է երկրի հնարավորությունները՝ հակազդելու «Հեզբոլլահից» բխող սպառնալիքներին։ Բացի այդ, Լիբանանի հարցում հնարավոր զիջումները կարող են իսրայելական հասարակության կողմից ընկալվել որպես Նեթանյահուի քաղաքական պարտություն՝ ընտրություններից առաջ։
The Washington Post-ի տեղեկություններով՝ հետախուզական զեկույցներում նշվում է նաև, որ Նեթանյահուի քաղաքական ապագան մեծապես կախված է Լիբանանի հարցում կոշտ դիրքորոշման ցուցադրումից և այդ երկրի տարածքում իսրայելական ռազմական ներկայության պահպանման քաղաքականությունից։
Հրապարակման մեջ ներկայացված գնահատականները պաշտոնապես չեն մեկնաբանվել ոչ Վաշինգտոնի, ոչ էլ Թել Ավիվի կողմից։