Վերջերս Նիկոլ Փաշինյանը, հերքելով «ադրբեջանցիների վերադարձի» թեզերը, սովորություն է դարձրել ասելու, որ դա ընդամենը Ադրբեջանի ներքին խոսույթն է ու մեզ հետ չի առնչվում։ Բացի այդ, Փաշինյանը «ադրբեջանցիների վերադարձը» նույնացնում է արցախցիների վերադարձի իրավունքի հետ՝ հայտարարելով, որ երբ մենք հայտարարում ենք, որ արցախցիները պետք է վերադառնան, դա իր համանման արձագանքն է ստանում Ադրբեջանում, խաթարում է «խաղաղության» գործընթացն ու մոտեցնում պատերազմի։
Նախ՝ «ներքին խոսույթ» գոյություն չունի, հատկապես, երբ այն իրականացվում է պետական մակարդակով։ Ցանկացած «ներքին խոսույթ» գործնական քայլերի նախորդող տեսությունն է, ինչպես օրինակ վարորդական վկայական ստանալուց։ Մարդը սկզբում հանձնում է տեսական քննությունը, այնուհետ անցնում գործնականի, ինչից հետո ստանում է վարորդական վկայական։ Ճիշտն այդպես էլ շատ դեպքերում գործում է նաև պետական քաղաքականությունը։ Սկզբում «ներքին խոսույթի» տեսքով ձևավորվում է տեսությունը, ինչին արդեն հաջորդում են դրանք կյանքի կոչելու քայլերը։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, ինչի մասին խոսվել է բազմիցս, որ Նիկոլ Փաշինյանը թեպետ հրաժարվեց արցախցիների վերադարձի իրավունքից, սակայն Ալիևն ամենևին չհրաժարվեց ո՛չ «Արևմտյան Ադրբեջանից», ո՛չ էլ «արցախցիների վերադարձից», ինչը նշանակում է, որ դրանք ոչ թե արցախցիների վերադարձի իրավունքի ընդամենը հայելային արձագանքն էին Ադրբեջանում, այլ պետական գաղափարախություն, արտաքին քաղաքականության օրակարգի առանցքային կետ։ Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, ապա պարզ տրամաբանությունը հուշում է, որ որքանով Արցախի հարցի բարձրաձայնումը կարող էր հանգեցնել պատերազմի, այդքան էլ «Արևմյան Ադրբեջան» գաղափարախոսության արծարծումը։ Սակայն ինչպես տեսնում ենք, Ալիևն ամենևին նման մտավախություն չունի։ Նախ նա բազմիցս է հայտարարել, որ խաղաղությունն ավելի շատ պետք է Հայաստանին, քան Ադրբեջանին, երկրորդը՝ համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ չի սկսի, եթե նույնիսկ Զեյնաբ Խանլարովան Ադրբեջանի հիմնը երգի հենց Փաշինյանի ընդունարանում։ Բացի այդ, մանկամտություն է բանի տեղ չդնել մի «ներքին խոսույթ», երբ այն վերաբերում է անմիջապես քեզ։
Ու ներկայումս որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրությանն ապացուցել, որ «ադրբեջանցիների վերադարձը» ընդդիմության կեղծ օրակարգն է, թարսի պես նույն օրերին Նախիջևանում ընթանում է «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» 3-րդ կոնգրես փառատոնը, որին մասնակցում են թե՛ Ադրբեջանի կառավարության, թե՛ Ալիևի պաշտոնական ներկայացուցիչները։ Այդ միջոցառումների ժամանակ ձևավորվում է «Արևմտյան Ադրբեջանի» պատմամշակութային արժեքներին վերաբերող գիտական «հենք», որն էլ պետք է ներկայացվի միջազգային հանրությանը՝ որպես ապացույց։ Չափազանց կարևոր է նաև այն շեշտադրումը, որ Բաքուն պետք է Երևանին պարտադրի, որպեսզի վերջինս պայմաններ ստեղծի «ադրբեջանցիների վերադարձի» համար։
ՔՊ-ականները հաճախ են սիրում ասել, որ Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ տարածում են ադրբեջանական նարատիվները, ու կոչ են անում ականջալուր լինել հայրենի իշխանությանը։ Բայց դրա վտանգավորությունն այն է, որ եթե հանրությունն անտեսի Ադրբեջանի կողմից իրականացվող գործնական քայլերն ու ասի․ «հա, լավ, բանի տեղ մի դրեք, մեր վարչապետը, մեր Փաշինյանը, մեր Նիկոլն ասել է, որ դրանց ընդամենը Ադրբեջանի ներքին խոսույթն» են, ապա կարող է նմանվել այն ջայլանին, որի գլուխը գետնի տակ է, իսկ հետույքը՝ առյուծի երախում։
Կարեն Կարապետյան