ՔԿ-ից հայտնում են, որ Հակոբյանը տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարել է «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ»։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է և նրա նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական–քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։
Կոմիտեից հայտնում են, որ Հակոբյանը տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչը հաստատվել է ստացված փորձաքննության եզրակացությամբ:
Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ)։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: