Մենք գնում ենք խաղաղության ճանապարհով․ Ալխաս Ղազարյանը՝ Ադրբեջանի կրթության նախարարի խոսքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, անդրադառնալով Ադրբեջանում անցկացված, այսպես կոչված, «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովին և այնտեղ հնչած հայտարարություններին, նշեց, որ Հայաստանը պետք է շարունակի առաջնորդվել խաղաղության օրակարգով։

Լրագրողի հիշեցմանը, որ Ադրբեջանի պաշտոնյաները, այդ թվում՝ կառավարության անդամները, շարունակում են խոսել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի ռազմավարական նշանակության մասին, Ղազարյանն ասաց, որ իշխանության համար առաջնայինը սեփական քաղաքական օրակարգն է։

«Մենք ասել ենք, որ գնում ենք խաղաղության օրակարգի սպասարկման ճանապարհով և շարունակելու ենք այդ ճանապարհով գնալ։ Նման խոսույթները երկուստեք անընդունելի են»,- նշեց նա։

Ալխաս Ղազարյանը նաև անդրադարձավ ընդդիմության նախընտրական հայտարարություններին, թե ՔՊ-ի հաղթանակից հետո Հայաստան կարող են ժամանել հարյուր հազարավոր ադրբեջանցիներ։

«Ինչպես տեսաք, ընտրություններից օրեր անցել են, և այդ պնդումները չեն իրականացել։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ դա կեղծ թեզ էր։ Ժողովուրդն իր ընտրությունը կատարեց և ցույց տվեց, թե ինչպիսի սպասելիքներ ունի իշխանություններից»,- ասաց պատգամավորը։

Լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախարարների հայտարարություններում վտանգավոր միտումներ չի տեսնում, Ղազարյանը պատասխանեց, որ նման հայտարարությունները չպետք է շեղեն խաղաղության գործընթացից։

«Մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք, թե մենք ինչ ենք խոսում և ինչ ճանապարհով ենք առաջ շարժվում։ Հավատարիմ ենք խաղաղության հաստատման օրակարգին և շարունակելու ենք շարժվել այդ ուղղությամբ»,- նշեց նա։

ՔՊ-ական պատգամավորը նաև ընդգծեց, որ խաղաղության գործընթացը հեշտ չի եղել և հետագայում նույնպես կարող են առաջանալ խոչընդոտներ։

«Հեշտ չի եղել այն ճանապարհը, որով հասել ենք խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը։ Հետագա փուլում ևս խոչընդոտներ կլինեն, սակայն կարծում եմ՝ դրանք աստիճանաբար կհաղթահարվեն, և մենք առաջ կգնանք»,- ասաց Ղազարյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ շփումներին՝ պատգամավորը շեշտեց, որ իշխանությունը կողմ է երկխոսությանը և շարունակում է շարժվել արդեն որդեգրված ուղով։

«Երկխոսություն կա, համաձայնություն կա, որդեգրած ճանապարհ կա, և մենք շարժվում ենք այդ ուղղությամբ՝ առանց շեղվելու»,- եզրափակեց Ալխաս Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment