ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից հնչող գնահատականներին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, հայտարարեց, որ միջազգային հանրությունն արդեն ճանաչել է ընտրությունների լեգիտիմությունը։ Պատգամավորը նշեց, որ պետք չէ առանձնակի ուշադրություն դարձնել առանձին քաղաքական գործիչների հայտարարություններին՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրից են դրանք հնչում։
«Մենք արդեն բազմաթիվ երկրներից ստացել ենք շնորհավորանքներ՝ սկսած ընտրությունների հաջորդ իսկ օրերից, և բոլորն էլ ճանաչել են ընտրությունների լեգիտիմությունը։ Կարծում եմ՝ այդպես էլ շարունակվելու է»,- ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունն իրավունք ունի վիճարկել ընտրությունների արդյունքները և դիմել Սահմանադրական դատարան, սակայն գործընթացների ավարտից հետո բոլորը կհաշտվեն այն իրողության հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ պայմաններում։
Ալխաս Ղազարյանը միաժամանակ պնդեց, որ ընտրություններից առաջ ընտրական գործընթացը դելեգիտիմացնելու փորձեր են արվել հենց ընդդիմադիր ուժերի կողմից։
«Մինչև ընտրությունները կիրառվել են տարբեր սխեմաներ՝ ընտրությունները հնարավորինս դելեգիտիմացնելու, ընտրակաշառքների, մարդկանց ուղղորդված քվեարկության բերելու նպատակով, և դա արել է բացառապես ընդդիմադիր դաշտը, ոչ թե իշխանությունը»,- հայտարարեց նա։
ՔՊ-ական պատգամավորը շեշտեց, որ ընտրությունների վերաբերյալ վերջնական գնահատականը կտա իրավասու մարմինը՝ Սահմանադրական դատարանը։
«Մենք կսպասենք, թե ինչ հայցեր կներկայացվեն և ինչ որոշումներ կկայացվեն։ Կարծում եմ՝ մյուս երկրներն էլ հաշվի կնստեն այդ որոշումների հետ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։