Ընտրական վիճակագրություն ընտրություններից հետո․ Բացառություն՝ Գեղարքունիքի մարզում

Քաղաքականություն

Ընտրական վիճակագրություն ընտրություններից հետո․ Բացառություն՝ Գեղարքունիքի մարզում

ԿԸՀ-ն հրապարակել է վիճակագրություն՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալ։ Ներկայացնում են որոշ տվյալներ

Թեկնածուների պատկերը

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է ընդհանուր առմամբ 2104 թեկնածու, որոնցից 795-ը կանայք են։ Թեկնածուների ամենամեծ թիվն ունեն հետևյալ քաղաքական ուժերը.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 293 թեկնածու (105 իգական սեռի)։

«Հայաստան» դաշինք՝ 217 թեկնածու (74 իգական սեռի)։

«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 202 թեկնածու (71 իգական սեռի)։

Հետաքրքրական է թեկնածուների տարիքային բաշխվածությունը. պայքարի մեջ մտնողների հիմնական մասը՝ 877 հոգի, 36-50 տարիքային խմբում է, իսկ 25-35 տարեկան երիտասարդ թեկնածուների թիվը 412 է։

Ընտրական հանձնաժողովներ

Տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) կազմում ընդգրկված է 15,915 անդամ, որտեղ կանայք բացարձակ մեծամասնություն են կազմում՝ 11,062 հոգի։ Հանձնաժողովների անդամների նշանակման հարցում ամենամեծ ներգրավվածությունն ունեին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (3,925 անդամ) և «Հայաստան» դաշինքը (3,423 անդամ)։

ՏԸՀ անդամների բացարձակ մեծամասնությունը կանայք են՝ ընդհանուր 11,062 հոգի (հանձնաժողովների 15,915 անդամներից): Կին անդամների ամենամեծ թիվը Երևանում (2755) է, որին հաջորդում են Լոռին (1359) և Շիրակը (1357): Ամենափոքրաքանակ ներկայացվածությունը Վայոց ձորում է՝ 260 կին անդամ:

Գեղարքունիքի մարզը միակն է, որտեղ կին անդամները (562) թվով զիջում են տղամարդկանց (659): Մնացած բոլոր մարզերում և Երևանում կանայք կազմում են հանձնաժողովների անդամների ճնշող մեծամասնությունը:

ՏԸՀ կին անդամներից 1013-ը զբաղեցնում են հանձնաժողովի նախագահի, իսկ 1680-ը՝ քարտուղարի պաշտոնը: Նախագահի պաշտոնում կանանց ամենամեծ թիվը կրկին Երևանում է (250), ապա Շիրակում (138) և Լոռիում (137): Քարտուղարի պաշտոնում կանանց ներկայացվածությունը նույնպես բարձր է Երևանում (428), Լոռիում (208) և Շիրակում (194):

18-35 տարեկան ՏԸՀ անդամների թվում կանայք նույնպես զգալի թիվ են կազմում. ընդհանուր 4461 երիտասարդ անդամներից 330-ը զբաղեցնում են նախագահի, իսկ 506-ը՝ քարտուղարի պաշտոնը:

 Ովքեր են ամենաակտիվ քվեարկողները

Ընտրողների մասնակցությունը տարբերվում է ըստ տարիքային խմբերի և մարզերի։ Ամենաակտիվը 50-65 տարեկան ընտրողներն են, որոնց միջին մասնակցությունը կազմում է 61.86%։

Սյունիքի մարզում արձանագրվել է ամենաբարձր ակտիվությունը 50-65 տարեկանների շրջանում՝ հասնելով 69.94%-ի։

Երևանում 18-35 տարեկան երիտասարդների մասնակցությունը կազմում է 58.43%։Ընդհանուր առմամբ, իգական սեռի ընտրողների մասնակցությունը փոքր-ինչ գերազանցում է արական սեռի ներկայացուցիչների ակտիվությանը։

Leave a comment