Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ։ 455 մետրանոց թունելում ջրամեկուսացումն ամբողջացված է, բետոնացումը թափ է հավաքում։ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածի 455 մետրանոց թունելում ջրամեկուսացման աշխատանքներն ավարտվել են:
Սա առանցքային քայլ է դեպի թունելի շահագործում՝ ապահովելով դրա երկարակեցությունն ու անվտանգությունը: Ջրամեկուսացման հաջող ավարտից հետո շինարարական թիմերն անցել են հաջորդ կարևոր փուլին՝ թունելի բետոնացման աշխատանքներին, որոնք այս պահին իրականացվում են ակտիվ տեմպերով։ Քաջարան-Ագարակ հատվածը ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է, որի ավարտը կնպաստի տրանսպորտային հոսքերի արդյունավետության բարձրացմանը, ճանապարհորդության ժամանակի կրճատմանը և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը: Շինարարական աշխատանքները շարունակվում են՝ պահպանելով որակի և անվտանգության ամենաբարձր չափանիշները: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։