ԻՀՊԿ-ն Իրաքում ստեղծել է գաղտնի բջիջներ՝ Պարսից ծոցի երկրների դեմ հնարավոր հարվածների համար․ Reuters

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իրաքում ստեղծել է նոր գաղտնի բջիջներ, որոնք նախատեսված են Պարսից ծոցի այն երկրների դեմ հնարավոր գործողությունների համար, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ութ իրաքյան աղբյուրների։

Աղբյուրների տեղեկություններով՝ նոր կազմավորումները ստեղծվել են առանց գործող զինված խմբավորումների ներգրավման՝ դրանց բացահայտման հավանականությունը նվազեցնելու նպատակով։ Նշվում է, որ այդ բջիջները ենթարկվում են անմիջապես ԻՀՊԿ-ին։

Reuters-ի զրուցակիցների գնահատմամբ՝ Իրանի այս քայլը վկայում է տարածաշրջանում ուժի պրոյեկցման մարտավարության փոփոխության մասին։ Ըստ նրանց՝ Թեհրանը փորձում է պահպանել իր ազդեցության լծակները մի ժամանակաշրջանում, երբ նրա հետ կապված զինված պրոքսի խմբավորումների կարողությունները զգալիորեն թուլացել են, իսկ երկրի ռազմական և տնտեսական ռեսուրսները գտնվում են ճնշման ներքո։

Հրապարակման համաձայն՝ Իրաքում նոր գաղտնի ցանցերի ձևավորումը կարող է դիտարկվել որպես Իրանի՝ տարածաշրջանային անվտանգության միջավայրին հարմարվելու և իր ռազմավարական հնարավորությունները պահպանելու փորձ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment