1000 օր՝ ադրբեջանական գերության մեջ, ANCA-ն սատարում է ԱՄՆ Կոնգրեսի նախաձեռնությունները
Հունիսի 23-ին լրանում է Արցախի ղեկավարների և այլ պատանդների՝ ադրբեջանական բանտերում անօրինական պահվելու 1000-րդ օրը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) պաշտպանում է 2027 ֆինանսական տարվա ազգային անվտանգության օրենսդրության վերաբերյալ հայանպաստ վեց ուղղումներ: Դրանք պահանջում են ազատ արձակել Ադրբեջանի կողմից անօրինական կերպով պահվող հայ պատանդներին և ռազմագերիներին, ադրբեջանական ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից, Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև բռնի տեղահանված հայ փախստականների անվտանգ վերադարձը Արցախ:
Այս նախաձեռնությունները ներկայացվել են Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Գաս Բիլիրակիսի (հանրապետական, Ֆլորիդա), հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա), ինչպես նաև Կոնգրեսի անդամներ Գեյբ Ամոյի (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) և Ջիմ Կոստայի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից:
«Հազար օր: Հազար երկար օր և նույնիսկ ավելի մութ գիշերներ այն պահից, երբ Ադրբեջանն անօրինական կերպով գերեվարեց հայ պատանդներին՝ անմեղ մարդկանց, հայ հայրենասերների, որոնք Բաքվի կողմից պահվում են միջազգային իրավունքի և տարրական մարդկային բարոյականության խախտմամբ, — ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը,-Այս ուղղումները հստակ ուղերձ են հղում. Կոնգրեսը չի սուբսիդավորելու Ադրբեջանի չարաշահումները, ագրեսիան, պղծումը և օկուպացիան ամերիկյան հարկատուների հաշվին: Ոչ մեր օրոք»:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Կանոնակարգի հանձնաժողովը առաջիկա շաբաթների ընթացքում կքննարկի այս ուղղումները: ANCA-ն կոչ է անում Կոնգրեսի անդամներին՝ հանդես գալ որպես այս օրինագծերի համահեղինակներ։