Քաղաքականություն
18.06.2026 | 16:29
Հայաստանը փաստացի որևէ մասնակցություն չունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանն արդեն երեք տարի է՝ չի վճարել անդամավճարները։ Դե ֆակտո նրանք չեն մասնակցում, բայց դե յուրե ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ են։ Սակայն որոշումը, իհարկե, հայ ժողովրդինն է և Հայաստանի ղեկավարությանը»,- ասել է նա։
Մասադիկովը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են հանրապետության հետ կապված իրավիճակը և վճարները չվճարելու պատճառով երկրին քվեարկության իրավունքից զրկելու հարցը։
«Այո՛, այդ հարցը քննարկվում է։ Վերջերս Կազանում տեղի է ունեցել ԱԳ նախարարների խորհրդի նիստ, որտեղ արտաքին գործերի նախարարները մանրամասն քննարկել են այս հարցը»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը կդիտարկի ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի