Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ կապերի խզման մասին․ վերջինս պատասխանել է

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ կապերի խզման մասին։

«Տիկին Կայա Կալլասը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը, որոշ ժամանակ գործում է մոլուցքով և Իսրայել պետության նկատմամբ ակնհայտ կողմնակալությամբ։

Վերջերս հաղորդվեց, որ Մեքսիկա կատարած այցի ժամանակ նա Իսրայելը համեմատել է Հարավային Աֆրիկայի ռասիստական ​​ապարտհեյդի ռեժիմի հետ։

Ես շնորհակալ եմ բազմաթիվ եվրոպացի ներկայացուցիչներին, ովքեր դատապարտել են այս լուրջ հայտարարությունը։

Սակայն մինչ օրս նա որևէ հերքում, պարզաբանում կամ որևէ արձագանք չի տվել այս կոշտ հայտարարությանը։

Հետևաբար, որպես Իսրայելի պետության արտաքին գործերի նախարար, ես այլընտրանք չեմ տեսնում, քան դադարեցնել տիկին Կալլասի հետ բոլոր շփումները, մինչև նա չհրաժարվի այս արյունալի զրպարտությունից, որն ուղղված է աշխարհի միակ հրեական պետության դեմ, որը նաև Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարությունն է։ Եվ հենց դա էլ ես հիմա անում եմ», – գրել է Գիդեոն Սաարը։

Կայա Կալլասը պատասխանել է Իսրայելի արտաքին գործերի նախարարին։

«Հարգելի Գիդեոն, ինչպես գիտեք, ԵՄ-ն և Իսրայելը բազմաթիվ կապեր ունեն։ Ես գնահատում եմ մեր երկխոսությունն ու փոխգործակցությունը և պատրաստ եմ շարունակել նույն ոգով՝ հարգալից և կառուցողական։

Երկխոսությունը դիվանագիտության հիմքն է, հատկապես, երբ անհամաձայնություններ են առաջանում։ ԵՄ-ն միշտ ձգտում է կառուցողական հարաբերությունների Իսրայելի հետ։ Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ կենսունակ ուղին մնում է երկու պետությունների լուծումը։

ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափին Իսրայելի կողմից կառուցված անօրինական բնակավայրերը, որոնք այս նպատակին հասնելը դարձնում են ավելի ու ավելի դժվար։ Սա ԵՄ դիրքորոշումն է»,- գրել է ԵՄ բարձրաստիճան դիվնագետը ։

Leave a comment