Ծիծաղ, արկածներ, հանդիսատեսը՝ մասնակից. 2 ծնունդ՝ 1 տեղում. «Ա՜յ քեզ ծնունդ» ներկայացման փակ դիտումն ու «Շունչ» թատրոնի 3-ամյակը (լուսանկարներ)
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 27-ին ու 30-ին պլաննե՞ր ունես՝ հետաձգիր, «Շունչ» թատրոնը հրավիրում է ծնունդի: LATAR Complex-ում կկայանա «Ա՜յ քեզ ծնունդ» ներկայացման պրեմիերան, որտեղ հանդիսատեսը կլինի նաև անմիջական մասնակից, կասի կենացներ, կորոշի մենյուն, իսկ դերասանների համար ավելի շատ իմպրովիզ անելու տեղ կլինի:
Նախքան ներկայացումը կլինի գինու հյուրասիրություն, իսկ արդեն ներկայացումից հետո՝ After Party: Դերասաններն են՝ Մարգարիտա Խաչատրյանը, Անի Բայաթյանը, Սաշա Սուքիասյանը և Սեյրան Մովսիսյանը, բեմադրիչը Սամսոն Մովսիսյանն է, տոմսերը 4000-8000-ի սահմանում են, որոնք արդեն իսկ հասանելի են:
Zarkerak.am-ի հետ զրույցում դերասաններից Սեյրան Մովսիսյանը նշեց, որ «Ա՜յ քեզ ծնունդ»-ն իր ֆորմատով տարբերվում է իրենց բոլոր ներկայացումներից. «Մենք փորձեցինք մի փոքր տարբերվել և մարդկանց հրավիրում ենք ծնունդ, այսինքն՝ իրենք գալիս են այնպես, իբր ծնունդի են հրավիրված: Ինքը միայն ներկայացում չի, այլ առաջարկվում է 4-ժամյա ամբողջական փաթեթ: Մեսիջը հետևյալն է՝ ոչ մի պարագայում ստել չի կարելի: Սյուժեով մայրիկի 50-ամյակն է, տղան ընկերոջ հետ պարտքով փորձում է ծնունդը նշել և անընդհատ խաբում է, թե իբր պարտքով չի, ամբողջ սիտուացիան զարգանում է այնպես, որ մայրն իմանում է, որ խաբել է: Ներկայացման ավարտին տղան ամուսնության առաջարկ է անում մատուցողուհուն: Ներկայացումն ավելի շատ ապահովում է ժամանց, շատ թեթև ու ինտերակտիվ է»:
Դերասանի խոսքով՝ «Ա՜յ քեզ ծնունդ»-ը պլանավորել են անել նաև Կապանում:
Սեյրան Մովսիսյանը նշեց նաև, որ լրանում է «Շունչ» թատրոնի 3 տարին, ինչը նշել են ներկայացման փակ դիտմանը զուգահեռ. «Մենք կարողանում ենք «Շունչ» թատրոնը երեք տարի ապրեցնել: Այս տարիների ընթացքում ինքնաֆինանսավորվող թատրոնների մեջ ամենաշատ հյուրախաղ ունեցած թատրոններից մեկն ենք: Մենք Փարիզից մինչև Քաջարան ներկայացում ենք ունեցել, մեր թատրոնն օրինակ է հանդիսացել մնացած թատրոնների համար: Շատ ակտիվ նաև հյուրախաղերով գնում ենք մարզեր՝ Կապան, Գյումրի, Վանաձոր, Արտաշատ: Հատկապես ամռանը բացօթյա թատրոնը մարդկանց ավելի է հետաքրքրում, քանի որ շոգ է, նրանք փակ թատրոններին այլընտրանք են փնտրում և սա լավագույն տարբերակը կարող է լինել»:
Սեյրանը նշեց, որ այս տարի արդեն երրորդ պրեմիերան են անում, ևս երկուսը սպասվում է մինչև տարվա վերջ:
«Շունչ» թատրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իրենց թատրոնը ստեղծվել է թատերական աշխարհում որևէ նորություն անելու համար. «Մենք 3 տարի է ծավալում ենք գործունեություն և չունենք հանդիսատեսի պակաս: Տարին 12 ամիս մեր հանդիսատեսի համար մտածում ենք յուրահատուկ ներկայացումներ: Անցյալ տարի ստեղծվեց բացօթյա ֆորմատը՝ «Ա՜յ քեզ հարսանիք» ներկայացումը, որն այնքան հաջողեց, որ մտածեցինք, որ այս տարի կարող ենք համալրել շարքը և ստեղծեցինք «Ա՜յ քեզ ծնունդ» ներկայացումը: Այս ներկայացման մեջ տղան ուզում է գոհացնել մորը, բայց կա շատ կարևոր մեսիջ, պետք է ոչ թե գոհացնել մեր հարազատ մարդկանց ինչ-որ նյութական բաներով, այլ պետք է գոհացնել ջերմ խոսքերով, անկեղծ սիրով»:
Դանիելյանի խոսքով՝ «Շունչ» թատրոնի հանդիսատեսը շատ է տարբերվում. «Մեր հանդիսատեսը տարբերվում է իր ճաշակով: Շատ երիտասարդներ են գալիս թատրոն ու նաև շատ հետաքրքիր փաստ՝ 40-ն անց տղամարդիկ, ովքեր իրենց կանանց ուղեկցում են թատրոն, սա շատ հազվագույտ երևույթ է մեր իրականության մեջ»,- ասաց նա և նշեց, որ իրենց ներկայացումները՝ լինի կոմեդիա, ողբերգություն, թե դրամա՝ ասելիք ունեն: