ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի բաժնի նախկին պետ Ասատուր Սահակյանը և նրան փոխկապակցված անձինք հունիսի 17-ին հրավիրվել են Գլխավոր դատախազություն, տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից՝ Ազդարարից։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,- նշված է հարթակում:
Նույն ուսումնասիրության շրջանակներում դատախազություն են հրավիրվել նաև Ասատուր Սահակյանի կինը՝ Մարինե Աբրահամյանը, նրանց որդին Համլետ Սահակյանը և այլ փոխկապակցված անձինք։