ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հարաբերություններն աստիճանաբար լարվում են՝ Իրանի հարցում ունեցած տարբեր մոտեցումների պատճառով, գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփը կողմ է Իրանի հետ դիվանագիտական գործընթացի շարունակմանը, մինչդեռ Նեթանյահուն հանդես է գալիս ռազմական ճնշման պահպանման օգտին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ինչո՞ւ եք պայթեցնում շենքերը… Դադարեցրեք շենքերը պայթեցնելը»։ Իսկ մասնավոր զրույցներում, ըստ հաղորդման, նա դժգոհել է, որ Նեթանյահուն «ուզում է ռմբակոծել բոլորին անխտիր»։
WSJ-ի տվյալներով՝ Նեթանյահուն բազմիցս կասկածի տակ է դրել Իրանի հետ Թրամփի բանակցությունների ընթացքը՝ հարցնելով. «Դոնալդ, ինչպե՞ս ես պատրաստվում դա ստուգել»՝ ակնարկելով հնարավոր համաձայնագրի միջուկային դրույթների վերահսկման մեխանիզմները։
Հաղորդվում է նաև, որ այժմ Թրամփը հեռախոսազրույցներից հետո հաճախ իր վարչակազմի անդամներից հետաքրքրվում է, թե որքանով են Նեթանյահուի հայտարարությունները համապատասխանում իրականությանը։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նախկինում նա նման հարցադրումներ չէր անում։