Մոսկվայում ու հարակից շրջաններում արգելվել են թեթև ինքնաթիռների և քաղաքացիական ԱԹՍ-ների թռիչքները

Քաղաքականություն

17.06.2026 | 19:14

ՌԴ Պաշտպանության նախարարության պահանջով՝ «Ռոսավիացիա»-ն արգելել է թեթև ու գերթեթև ինքնաթիռների, ինչպես նաև քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի թռիչքները մինչև 5,2 կիլոմետր բարձրության վրա Կենտրոնական Ռուսաստանի մի քանի շրջաններում, գրում է Meduza-ն։

Օդային տարածքի սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն հունիսի 20-ից՝ Մոսկվայի, Մոսկվայի մարզի մեծ մասի և Ռյազանի, Տուլայի, Կալուգայի, Տվերի, Յարոսլավլի և Վլադիմիրի մարզերի որոշ հատվածների վրա։

«Ռոսավիացիա»-ն այս միջոցառումները բացատրել է «թռիչքների անվտանգության ապահովման» նպատակներով։ Պլանավորված և չարտերային չվերթները չեն ենթարկվում սահմանափակումների։

Արգելքն ուժի մեջ կմնա՝ «մինչև հատուկ ծանուցում»։

Թեթև ու գերթեթև ինքնաթիռները, իրենց կառուցվածքի պատճառով, չեն կարող բարձրանալ հինգ կիլոմետրից ավելի։

Օդաչուների և ինքնաթիռների սեփականատերերի միջտարածաշրջանային հասարակական կազմակերպությունը մայիսի վերջին հայտարարել էր նման արգելք մտցնելու ծրագրերի մասին։ «Կոմերսանտը» հաղորդել էր, որ այն գոտիներում, որտեղ ՊՆ-ն արգելում է թռիչքները, տասնյակ օդանավակայաններ կան, և սահմանափակումները կազդեն մոտավորապես 1000 մասնավոր օդաչուների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment