Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. Մարկ Ռյուտեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրն՝ ուղղված Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցմանը՝ նշելով, որ Հորմուզի նեղուցի նախատեսված վերաբացումը կլինի «մեծ քայլ առաջ»։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների համաժողովից առաջ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Մամուլի ասուլիսի տեսանյութը տարածել է The Guardian պարբերականը։

«Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերականգնումը կլինի մեծ քայլ առաջ, և ես գիտեմ, որ Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության գլխավորած նախաձեռնության միջոցով շատ դաշնակիցներ պատրաստ են աջակցել», – ասել է Ռյուտեն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի գործողություններն՝ ուղղված Իրանի միջուկային զենքի սպառնալիքը կանխելուն և նրա բալիստիկ հրթիռների կարողությունը թուլացնելուն, բարելավում են բոլորի անվտանգությունը։

«Եվ նախագահ Թրամփի կողմից կնքված գործարքը հնարավորություն է ստեղծել ապահովելու, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի», – նշել է նա։

 

Leave a comment