Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի մուտքի և Հորմուզի նեղուցի վերաբացման ակնկալիքների ֆոնին

Հունիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում ցորենի համաշխարհային գները շարունակել են նվազել՝ շուկա նոր բերքի մուտքի նախաշեմին։ Այս միտմանը նպաստում են նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև նախատեսվող հուշագրի ստորագրման մասին տեղեկությունները, որի արդյունքում ակնկալվում է Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացումը։

«Ֆիզիկական շուկայում ցորենի գները հիմնականում շարունակել են նվազել՝ նոր բերքի հացահատիկի զանգվածային մատակարարումների մոտեցման և ԱՄՆ-ի ու Իրանի միջև հուշագրի ստորագրման ազդեցության ներքո, որը ենթադրում է Հորմուզի նեղուցի ամբողջական բացում»:

Մասնավորապես, վերլուծաբանները արձանագրում են Ռուսաստանում նոր բերքի արտահանման գների նվազում։ Միևնույն ժամանակ բացառություն են կազմել Ֆրանսիան և Գերմանիան, որտեղ ցորենի գները մեկ շաբաթվա ընթացքում աճել են համապատասխանաբար 5 և 1 դոլարով՝ մեկ տոննայի հաշվով։ Փորձագետների կարծիքով՝ դրա պատճառը սպասվող շոգ եղանակն է, որը կարող է բացասաբար ազդել ցանքատարածությունների վիճակի վրա։

Ֆյուչերսային գները ցուցաբերել են տարբեր ուղղվածության դինամիկա։

Փորձագետները հիշեցնում են, որ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը նախորդ շաբաթ 2026/27 գյուղատնտեսական տարվա (հուլիս-հունիս) համար Ռուսաստանի ցորենի բերքի կանխատեսումը միանգամից բարձրացրել է 2 միլիոն տոննայով՝ հասցնելով 88 միլիոն տոննայի՝ առանց Ղրիմի հաշվառման։ Ցորենի արտահանման կանխատեսումը մնացել է անփոփոխ՝ 47 միլիոն տոննայի մակարդակում։

Բացի այդ, Թուրքիայում ցորենի ներմուծման գնահատականը նվազեցվել է 6 միլիոնից մինչև 5.5 միլիոն տոննա։ Նվազեցվել են նաև Սիրիայի, Նիգերիայի (սպառման կրճատման պատճառով) և Մարոկկոյի (2026 թվականի հունիս-հուլիս ամիսներին կիրառվող մաքսատուրքերի պատճառով) ներմուծման կանխատեսումները։

Միաժամանակ Եգիպտոսի համար ցորենի ներմուծման կանխատեսումը բարձրացվել է 1 միլիոն տոննայով՝ հասնելով 13.5 միլիոն տոննայի՝ սպառման աճի հաշվին։

Գնային իրավիճակը ձևավորվում է նաև ԱՄՆ-ում՝ ձմեռային և գարնանային ցորենի, եգիպտացորենի և սոյայի մշակաբույսերի վիճակի բարելավման ֆոնին։ Ըստ փորձագետների՝ ձմեռային ցորենի բերքահավաքն ընթանում է զգալիորեն արագ տեմպերով։

Leave a comment