Ռուսաստանի 53 շրջաններում բենզինի վաճառքի սահմանափակումներ են գործում

Բենզինի վաճառքի սահմանափակումներ են գործում Ռուսաստանի 53 շրջաններում, ինչպես նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներում, հաղորդում է The Bell-ը։ ՌԴ 18 շրջաններում անհատներին վաճառվում է ոչ ավելի, քան 50 լիտր բենզին մեկ տարայում կամ մեկ լիքը բաք։ Եվս 11 շրջաններում վառելիքի պակաս է գրանցվել բենզալցակայանների զգալի մասում՝ չնայած պաշտոնական սահմանափակումներ դեռևս չեն սահմանվել, գրում է The Insider-ը։

50 լիտրի սահմանափակում է սահմանվել ուկրաինական Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի օկուպացված տարածքներում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում և Սևաստոպոլում։

Նախօրեին «Թաթնեֆտը» հայտարարել էր, որ վաճառքի սահմանափակումներ է մտցրել իր ցանցի բոլոր կայաններում․ բենզինի համար՝ 30 լիտր, դիզվառելիքի պարագայում՝ 60 լիտր։ Հունիսի 12-ին Թաթարստանի Զակամսկի շրջանը ենթարկվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածի։ Արդյունքում հրդեհ էր բռնկվել «Թաթնեֆտ»-ին պատկանող «Տանեկո» նավթավերամշակման գործարանում։

«Կոմերսանտ»-ը հաղորդել էր, որ նավթավերամշակման գործարանների վրա անընդհատ հարձակումների ֆոնին Ռուսաստանի իշխանությունները թույլատրել են նավթավերամշակման գործարաններին ներքին շուկա դուրս բերել ցածր որակի բենզին։

Վերջին ամիսներին վառելիքի պակաս է նկատվում Ռուսաստանի մի շարք շրջաններում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում և Ուկրաինայի օկուպացված Լուգանսկի մարզում: Ղրիմում և Սևաստոպոլում ժամանակավորապես սահմանափակվել է  բենզինի ազատ վաճառքը, ապա սահմանափակ քանակություններ են սահմանվել։ Բենզինի վաճառքի սահմանափակումներ են սահմանվել նաև Բելգորոդի և Կուրսկի մարզերի, Մոսկվայի, Մոսկվայի մարզի և Սանկտ Պետերբուրգի առանձին բենզալցակայաններում:

Հունիսի սկզբին Կրասնոդարի երկրամասի իշխանությունները հայտարարել էին 15 բենզալցակայաններում վառելիքի վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին, մինչդեռ Թաթարստանում առանձին կայաններում ժամանակավոր սահմանափակումներ են հայտարարվել:

Դեֆիցիտի պայմաններում Ռուսաստանը կտրուկ ավելացրել է բելառուսական բենզինի գնումները: Բացի այդ, ապրիլի 1-ից Ռուսաստանում գործում է բենզինի արտահանման լիակատար արգելք շուկայի բոլոր մասնակիցների համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment