Պաշտոնաթող թուրք դեսպան Հասան Գյողյուշը քննադատության է ենթարկել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի հետ սահմանը կարող է բացվել միայն այն դեպքում, երբ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։
«Դիվանագետներից ակնկալվում է խուսափել այն երկրի ներքին գործերին միջամտելուց, որտեղ նրանք ծառայություն են իրականացնում, եւ հավասար հեռավորություն պահպանել ներքաղաքական դերակատարներից։ Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումները Թուրքիայի իրավասությունն են։ Դրանք պետք է պայմանավորված լինեն ազգային շահերով, այլ ոչ թե երրորդ երկրների նախասիրություններով կամ ակնկալիքներով», – գրել է Հասան Գյողյուշը ANKA Review նախագծի համար գրված Will Armenia’s election results bring stability to the Caucasus? հոդվածում:
Հասան Գյողյուշը տարբեր տարիներին պաշտոնավարել է որպես Թուրքիայի դեսպան Հնդկաստանում, Հունաստանում, Ավստրիայում եւ Պորտուգալիայում։
«Փաշինյանի նորացված մանդատը կարող է հազվադեպ հնարավորություն ստեղծել սահմանադրական բարեփոխումների, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար՝ զարգացումներ, որոնք կարող են էապես վերափոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը», – նշել է պաշտոնաթող դիվանագետը:
Արձանագրելով, որ Փաշինյանի կուսակցությունը բավարար մանդատներ չունի՝ սահմանադրությունը միանձնյա փոփոխելու համար, Հասան Գյողյուշը գրում է.
«Ընտրարշավի ընթացքում Փաշինյանը փաստացի պարտավորվեց իրականացնել սահմանադրական բարեփոխումներ՝ պնդելով, որ դրանք բխում են Հայաստանի ազգային շահերից։ Ավելին, նա արդեն ցուցաբերել է զգալի քաղաքական համարձակություն։ Նա կրել է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով պատկերված կրծքանշան, հայկական անձնագրերից հեռացրել է Արարատ լեռան ուրվագիծը, իր կառավարությունը հեռու է պահել 1915 թվականի իրադարձությունների ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային արշավներից։ Այս քայլերը նրան հակադրության մեջ են դրել հայկական սփյուռքի ազդեցիկ շրջանակների հետ։
Սահմանադրական բարեփոխումների համար անհրաժեշտ 71 խորհրդարանական ձայները անհասանելի չեն։ Եթե ձեւավորվի բավարար հանրային ճնշում, ապա անհրաժեշտ լրացուցիչ չորս կամ հինգ ձայները, ի վերջո, կարող են ապահովվել։ Գլխավոր հարցն այն է, թե արդյոք Փաշինյանին կտրվի բավարար քաղաքական տարածություն՝ այս ուղին շարունակելու համար»:
Հասան Գյողյուշը նաեւ նկատում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն իրականացվում է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջոցով, մինչ այժմ տվել է սահմանափակ արդյունքներ՝ հիմնականում վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում։
«Դրանց թվում են դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար առցանց վիզային համակարգի ներդրումը եւ Ստամբուլ-Երեւան ուղղությամբ Turkish Airlines-ի չվերթների վերականգնումը։ Ընտրարշավի ընթացքում Թուրքիան գործեց զգուշավոր։ Թեեւ Անկարան բացահայտորեն չհայտնեց իր աջակցությունը Փաշինյանին, այն, այնուամենայնիվ, ձեռնարկեց մի շարք դրական քայլեր։
Այդ համատեքստում հանդիպումներ անցկացրեց Կարս-Գյումրի երկաթուղու վերականգնման եւ վերաբացման նպատակով ստեղծված հայ-թուրքական համատեղ աշխատանքային խումբը։ Սկսվեցին նաեւ համատեղ աշխատանքներ պատմական Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ, ինչպես նաեւ հեշտացվեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ առեւտուրը։ Իսկ մայիսի 5-6-ին Երեւանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Թուրքիան ներկայացված էր փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազի մակարդակով։
Սակայն, որպեսզի այս քայլերը հայկական կողմի համար իրական նշանակություն ունենան, անհրաժեշտ է առանց հետագա ձգձգումների դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել ցամաքային սահմանային անցակետը։ Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղի օկուպացիան ավարտվել է, այդ քայլերի իրականացման հիմնական խոչընդոտն այլեւս վերացել է։
Ալիջանի սահմանային անցակետի վերաբացումը կծառայի նաեւ Թուրքիայի ավելի լայն ռազմավարական շահերին։ Այն պայմաններում, երբ Հորմուզի նեղուցում առաջացող խափանումներն արագացնում են այլընտրանքային առեւտրային ուղիների որոնումը, հայ-թուրքական բաց սահմանը կարող է զգալիորեն բարձրացնել Անկարայի կողմից առաջ մղվող Միջին միջանցքի գրավչությունը», – գրում է հեղինակը:
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: