Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային ընթացակարգերի բարելավման հնարավորությունները

Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, առևտրի դյուրացմանն ուղղված քայլերի իրականացման հարցեր


ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի հետ:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։


Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, առևտրի դյուրացմանն ուղղված քայլերի իրականացման հարցեր:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության, սահմանային ընթացակարգերի բարելավման և բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացման հնարավորություններին:


Հաղորդվում է, որ այդ համատեքստում կողմերն ընդգծել են երկու երկրների մաքսային մարմինների միջև առկա սերտ փոխգործակցության նշանակությունը:

Leave a comment