Ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր


«Ռոսսելխոզնադզոր»֊ի կողմից Հայաստանից որոշակի սննդամթերքի ներմուծման սահմանափակումները կապված են բացառապես խախտումների հետ. դրանց պատճառները քաղաքական չեն,- «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ  հարցազրույցում ասել է գործակալության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։


«Չեմ տեսել որևէ նախագահի, որն ասի, որ սահմանափակումները քաղաքականացված չեն։ Սակայն այս դեպքում խոսքը բոլորովին այլ բանի մասին է։ Մենք ունենք ընկերությունների հետ աշխատելու երկար պատմություն, լաբորատոր թեստերի արդյունքներ, մատակարարումների վերաբերյալ տվյալներ և հայտնաբերված խախտումներ», – ասել նա։


 


Դանկվերտը նշել է, որ Հայաստանում շատ ֆերմերներ կան, սակայն «բացակայում է արդյունավետ համագործակցությունը և ներքին վերահսկողությունը. արտադրանքը հավաքվում է հսկայական խմբաքանակներով, ինչն անհնար է դարձնում սահմանին յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ֆիզիկապես ստուգումը»: Ըստ նրա` վերահսկողությունը պետք է սկսվի արտադրության փուլից, այլ ոչ թե մաքսատանը:


 


«Ռոսսելխոզնադզոր»֊ի ղեկավարը հավելել է, որ գործակալությունը վարում է յուրաքանչյուր օտարերկրյա ձեռնարկության պատմությունը վերջին 15-18 տարվա ընթացքում: Սահմանափակումները չեն սահմանվում ինքնաբերաբար, այլ խախտումների վերաբերյալ կուտակված տվյալների հիման վրա: Ամենից հաճախ արգելափակվում են կոնկրետ գործարաններ, բայց եթե խնդիրը համակարգային է, ապա գործում են միջկառավարական ծառայությունները:


 


Հիշեցնենք, որ մայիսի վերջին «Ռոսսելխոզնադզոր»֊ն արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից, ինչպես նաև սահմանափակումներ մտցրել թարմ լոլիկի, վարունգի, խոտաբույսերի և ելակի ներմուծման վրա:


 


Հունիսի 2-ից կազմակերպությունը սահմանափակել է բալի և խաղողի ներմուծումը և պահանջել դադարեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան հավաստագրումը:


 


Հունիսի 3-ից սահմանափակումներ են մտցվել խնձորի, տանձի, սերկևիլի, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի համար: Այս ապրանքների տարանցումը ԵԱՏՄ երկրներ նույնպես արգելված է։


 


Այս միջոցառումները կգործեն մինչև «բեռնափոխադրվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմի մշակումը»:

Դիտումների քանակ26

Leave a comment