Հայաստանից մատակարարումների սահմանափակումները քաղաքական պատճառներ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»

Հասարակություն

Հայաստանից մատակարարումների սահմանափակումները քաղաքական պատճառներ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»

«Ռոսսելխոզնադզորի» կողմից Հայաստանից որոշակի սննդամթերքի ներմուծման սահմանափակումները պայմանավորված են հայտնաբերված խախտումներով, ոչ թե քաղաքականությամբ, պետական «Ռոսիսսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է գործակալության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Ես չեմ տեսել որևէ նախագահի, որը կասի, որ սահմանափակումները քաղաքականության հետ են կապված: Այս դեպքում մենք խոսում ենք բոլորովին այլ բանի մասին։ Մենք ունենք ձեռնարկությունների հետ աշխատանքի բազմամյա պատմություն, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների վերաբերյալ տվյալներ և արձանագրված խախտումների մասին տեղեկություններ», – ասել է նա թերթին։

Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրը արտադրության և վերահսկողության կազմակերպումն է։ Դանկվերտն ընդգծել է, որ արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացվի անմիջապես արտադրության փուլում։ Նա հավելել է, որ համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ են նաև համագործակցություն, արտադրական վերահսկողություն, ինչպես նաև արտադրողների միությունների պատասխանատվություն։

«Հենց դա է այսօր պակասում։ Ուստի սահմանափակումների պատճառները կապված են արտադրանքի որակի և անվտանգության հետ, այլ ոչ թե քաղաքականության», – եզրափակել է ռուս պաշտոնյան:

Ռուսաստանը Հայաստանից մի խումբ ապրանքների ներմուծման սահմանափակումները սկսեց կիրառել հայաստանյան ընտրություններից շաբաթներ առաջ՝ սկզբում արգելելով ջերմուկի վաճառքը, հետո հայկական ծաղիկների ներմուծումը, ապա սահմանափակումներ մտցնելով մի քանի տեսակի բանջարեղենի, ելակի, իսկ ավելի ուշ՝ նաև կորիզավոր մրգերի և խաղողի նկատմամբ։ «Ռոսսելխոզնադզորը» պարբերաբար հայկական արտադրանքի վերաբերյալ սահմանափակումների մասին է հայտարարում՝ պատճառաբանում, թե խախտումներ են հայտնաբերվել բեռներում: Ռուսական սահմանափակումների ֆոնին՝ ԵՄ-ից հաղորդեցին Հայաստանին ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու մասին:

Մինչ Ռուսաստանը խստացնում է հայկական ապրանքների մուտքի սահմանափակումները, Հայաստանի կառավարությունը սուբսիդիաներ է տրամադրում արտահանողներին՝ Եվրոպայում և այլ երկրներում նոր շուկաներ գտնելու համար:

Leave a comment