Ծնողը կարող է բացակայել աշխատանքից և վարձատրվել. ԱԺ-ում քննարկվել է «ծնողական ժամ» սահմանելու մասին նախագիծը


Նախաձեռնությունը մշակվել է՝ հաշվի առնելով աշխատանքային հարաբերություններում սոցիալապես պաշտպանված կարգավորումներ ունենալու անհրաժեշտությունը. ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում նախատեսող օրենքի նախագիծը:


Զեկուցողի խոսքով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է «ծնողական ժամ» հոդվածի սահմանմանը, որի դեպքում ծնողը կարող է բացակայել աշխատանքից և վարձատրվել:


«Կես ժամ կարող են բացակայել այն ծնողները, որոնք ունեն մինչև տասներկու տարեկան մեկ և երկու երեխա, 1 ժամ կարող են բացակայել այն ծնողներ, որոնք ունեն երեք և ավելի երեխաներ»,- տեղեկացրել է փոխնախարարը:


Նրա խոսքով հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխաների ծնողները՝ անկախ երեխայի կարգաթվից,  կարող են մեկ ժամ բացակայել աշխատանքից և վճարվել իրենց միջին հիմնական աշխատավարձով:


Գլխադասային՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը: Նրա խոսքով «ծնողական ժամից» կարող են օգտվել երեխայի ե՛ւ հայրը, ե՛ւ մայրը:


Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է օնլայն կազինոներում խաղալու սահմանափակումներ սահմանող նախաձեռնությունը, որի հեղինակն է պատգամավոր Հայկ Սարգսյանը: Առաջարկվում է արգելել խաղալ օնլայն կազինոներում բոլոր այն անձանց, որոնք աշխատում են պետական կառավարման համակարգում և աշխատավարձ են ստանում պետական կամ համայնքային բյուջեներից:


Հիմնական կարգավորումները՝ այստեղ:


Հեղինակի խոսքով ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթի նպատակն է պաշտպանել անձանց խաղային կախվածությունից և նվազեցնել այն սոցիալական աղետը, որն այսօր ստեղծված է օնլայն կազինոների հետևանքով:


Նախաձեռնությունները քննարկվել են Ազգային ժողովի հունիսի 16-ի նիստում:

Դիտումների քանակ2

Leave a comment