Քաղաքականություն
06.02.2026 | 17:41
Աբու Դաբիում անվտանգության հարցերով Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա աշխատանքային խմբի շրջանակում բանակցությունները կառուցողական էին և շատ բարդ, այդ աշխատանքը կշարունակվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։
«Երկու օր կառուցողական, միևնույն ժամանակ, շատ բարդ աշխատանք է տեղի ունեցել։ Այն կշարունակվի»,- լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով Կրեմլի կողմից վերջին բանակցությունների գնահատականի և հետագա սպասելիքների մասին հարցին։
Աբու Դաբիում բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 4-5-ը։ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթկոֆն ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունները կառուցողական են եղել, քննարկվել են հրադադարի պահպանման մեթոդները, եթե այդպիսի որոշում կայացվի։
«Բանակցությունները կառուցողական էին, հիմնական թեման են դարձել երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու ուղիները»,- գրել է նա սոցցանցերում։
Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են «հրադադարի դեպքում իրականացման մեթոդները և ռազմական գործողությունների դադարեցման պահպանման մոնիթորինգը»։ Ուիթկոֆի խոսքով՝ եռակողմ բանակցությունների մասնակիցները համաձայնել են շարունակել շփումները «առաջիկա շաբաթներին»։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել Աբու Դաբիում հունվարի 23-24-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի