Հնդկաստանում Telegram-ը մեկ շաբաթով արգելափակել են

Հնդկաստանի իշխանությունները երկրում մինչև հունիսի 22-ն արգելափակել են Telegram հաղորդագրությունների հավելվածը, հաղորդում է Reuters-ը: Սահմանափակումները համապատասխանում են այն օրենքին, որը կառավարությանը լիազորություն է տալիս արգելափակել կայքերի և հավելվածների հասանելիությունը՝ «Հնդկաստանի ինքնիշխանության շահերից ելնելով», գրում է Meduza-ն։

Կրթության նախարարության տվյալներով՝ Telegram-ը խաբեբաների կողմից օգտագործվել է բժշկական քոլեջներ ընդունվելու համար Ազգային ընդունելության քննություն (NEET) հանձնելու պատրաստվող դիմորդներին խաբելու համար:

Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ մեսենջերի արգելափակումը ժամանակավոր է։

NEET-ը Հնդկաստանում բժշկական քոլեջներ ընդունվելու առանցքային քննություններից է։ 2026 թվականին այն անցկացվել է մայիսի 3-ին, երկրի ամբողջ տարածքում մասնակցել է գրեթե 2,28 միլիոն մարդ։ Մի քանի օր անց հաղորդագրություններ են հայտնվել, որ քննությունից առաջ թեստերն արտահոսել են։ Սա առաջացրել է ծնողների և դիմորդների վրդովմունքն ու բողոքը։

Քննության անցկացման համար պատասխանատու Ազգային թեստավորման գործակալությունն անվավեր է ճանաչել արդյունքները։ Նոր քննությունը նշանակվել է հունիսի 22-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment