Իրկուտսկի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել

Քաղաքականություն

15.06.2026 | 20:49

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրկուտսկի մարզում վայրէջքի ժամանակ կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռը, գրում է Meduza-ն։

Նախարարության տվյալներով՝ ռմբակոծիչը պլանային ուսումնական թռիչք էր կատարում։ Անձնակազմը կատապուլտացվել է, օդաչուների կյանքին կամ առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ինքնաթիռը թռչում էր առանց զինամթերքի։ Նախարարությունն օդանավի կործանումը որակել է «վթար»։

Ականատեսները հայտնել են, որ ինքնաթիռը կործանվել է Սվիրսկ քաղաքի մոտակայքում։

Տու-22Մ3-ը հեռահար գերձայնային հրթիռակիր ռմբակոծիչ է: Այս ինքնաթիռները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հեռահար ավիացիայի մաս են կազմում: Հեռահար ինքաթիռները Ռուսաստանի միջուկային եռյակի բաղադրիչներից են, բայց դրանք կարող են նաև կրել սովորական հրթիռներ և ռումբեր, այդ թվում՝ թևավոր հրթիռներ:

2025 թվականի ապրիլին Տու-22Մ3-ը վթարի էր ենթարկվել Իրկուտսկի մարզի Ուսոլսկի, իսկ 2024 թվականի օգոստոսին՝ Իրկուտսկի մարզի Չերեմխովսկի շրջանում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment