Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած քաղաքացին, Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հաստատության և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում, ստացել է անհրաժեշտ անվտանգ և անվճար բժշկական օգնություն։
Խնդրի նախապատմությունը
Նախկինում ազատությունից զրկված քաղաքացին դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ հայտնելով, որ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում ձեռք է բերել մի շարք լուրջ առողջական խնդիրներ։ Հայաստան վերադառնալուց հետո նա անցել էր համապատասխան բժշկական հետազոտություններ, որոնց արդյունքներով նրան ցուցվել էին հրատապ վիրահատություն, ֆիզիոթերապիա և այլ բժշկական միջամտություններ:
Սակայն, սոցիալ-ֆինանսական ծանր դրության պատճառով, քաղաքացին ի վիճակի չէր ինքնուրույն հոգալ բժշկական ծախսերը և խնդրել էր Պաշտպանի աջակցությունը՝ ցուցված բուժօգնությունն անվճար հիմունքներով (պետական պատվերի շրջանակներում) ստանալու հարցում:
Օպերատիվ արձագանք և լուծում
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ քաղաքացու դիմումին անմիջապես ընթացք է տրվել։ Օմբուդսմենի գրասենյակը համապատասխան պաշտոնական առաջարկ է ներկայացրել Առողջապահության նախարարություն՝ հաշվի առնելով անձի կարգավիճակն ու առողջական վիճակի հրատապությունը։
Առողջապահության նախարարության հետ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպվել են քաղաքացու բոլոր լրացուցիչ բժշկական հետազոտությունները, և իրականացվել է անհրաժեշտ վիրահատությունը։ Այժմ ընթացքի մեջ են հետվիրահատական վերականգնողական փուլերը։