Արցախցի Կարինե Միրզոյանն ահազանգել է «Իշխանություն» լրատվական և հայտնել, որ մի խումբ դիմակավորված անձինք մտել են իրենց տուն, խուզարկություն իրականացրել, վախեցրել երեխաներին, իրեն հղի վիճակում սթրեսի ենթարկել, իսկ ամուսնուն արդեն երկու անգամ տարել հարցաքննության։
Կնոջ պատմելով՝ իրավապահ համակարգի այս խուզարկությունների և ճնշումների պատճառը համացանցում տարածված այն տեսանյութն է, որտեղ դիմակավորված իբրև թե արցախցիները սպառնում են Նիկոլ Փաշինյանին։
Իրավապահները կասկածներ ունեն, որ տեսանյութի դիմակավորված անձանցից մեկը Կարինեի եղբայրն է՝ Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, սպա Մհեր Միրզոյանը։
Ըստ Կարինե Միրզոյանի՝ իրավապահներն իրենց տուն ներխուժելու և ընտանիքին ահաբեկելու համար որպես պատրվակ առաջ են քաշել աչքերի նմանության վարկածը։
Նրա խոսքով՝ քննիչները պնդում են, թե տեսանյութում Նիկոլ Փաշինյանին սպառնացող դիմակավորված անձանցից մեկի աչքերը նման են իր եղբոր աչքերին, մինչդեռ ինքը որևէ նմանություն չի տեսնում, քանի որ եղբոր աչքերը կանաչա-դեղնավուն են, իսկ տեսանյութի տղամարդունը՝ մուգ։
Կարինեն հավելեց նաև, որ իր եղբայրն արդեն երեք տարուց ավելի է, ինչ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել։
«Շաբաթ օրն առավոտյան, ոստիկանները վեց հոգանոց դելեգացիայով գնացել են ամուսնուս աշխատավայր, նրան վերցրել, բերել էին տուն և երկուսիս ուզում էին բաժին տանել։
Իրավապահներին ասացի, որ հղիությունս բարդ է ընթանում և չեմ կարող իրենց հետ բաժին գնալ։ Զանգահարել եմ բժշկիս, հեռախոսը փոխանցել իրավապահներին։ Որից հետո ինձ թողեցին տանը, իսկ ամուսնուս տարան Գյումրիի բաժին, կես ժամ պահեցին ու բաց թողեցին»,- պատմեց նա։
Կնոջ խոսքով՝ խուզարկության արդյունքում տանը ոչինչ չեն հայտնաբերել, քանի որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն, իսկ եղբոր բոլոր զինվորական նկարները ինքը դեռ Արցախից դուրս գալիս՝ Հակարիի անցակետում, խնդիրներից խուսափելու համար ալբոմից հանել ու վառել է։
«Այդ խուզարկության պատճառով երեխաներս այնքան են վախեցել, որ երեկ, երբ ջրաչափի ցուցմունքը գրող աղջիկը դուռը թակեց, կրտսեր երեխաս լացելով վազեց դեպի ինձ գոռալով՝ մամա, միլիցիան է, մամա, միլիցիան է, ու վախից գետնին ընկավ։ Հինգ օր է՝ սթրեսի մեջ եմ, չեմ կարողանում ո՛չ նորմալ սնվել, ո՛չ էլ հղիությանս համար անհրաժեշտ հորմոնալ դեղերը խմել։ Մայրս էլ Ռուսաստանում է բնակվում՝ եղբորս հետ, նա էլ վախից կենդանի դիակ է դարձել»,- ասաց նա։
Կարինե Միրզոյանը պատմեց, որ մինչ իրենց տուն գալը, իրավապահները Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող իր ամուսնուն աշխատավայրից տարել են հարցաքննության։ Նրանից հարցրել են կնոջ զոհված եղբոր, ապա Մհեր Միրզոյանի և հորաքրոջ տղայի մասին, ցույց են տվել համացանցում տարածված տեսանյութը՝ պահանջելով ճանաչել դեմքերը փակ անձանց։ Որից հետո խուզարկություններ են սկսվել իրենց և բարեկամների տներում։
«Խուզարկել են եղբորս կնոջ քույրերի տները, Աբովյանում բնակվող կրտսեր քրոջս տունը, առգրավել են բոլորի հեռախոսները, անգամ քրոջս մանկական ալբոմն են վերցրել։ Քրոջս ու իր ամուսնուն տարել են բաժին։ Ավելին՝ Ռուսաստանում գտնվող մորս թոշակի քարտն են բլոկավորել, որ խանութից անգամ առևտուր չկարողանա անել։ Հիմա էլ մտավախություն ունեմ, որ մեր բնակվարձի ու կոմունալների գումարներն էլ կբլոկավորեն»,- ասաց նա։
Կարինե Միրզոյանը վստահեցնում է, որ իր եղբայրը ոչ մի աղերս չունի այդ տեսանյութի հետ։