«Կեղծված ընտրությունների» նարատիվը հետընտրական Հայաստանում և FIMI-ի հայտնի մեխանիզմները

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո որոշ ընդդիմադիր ուժեր կամ դրանց ներկայացուցիչներ (1, 2, 3, 4) հայտարարել են, որ ընտրությունները կեղծվել են: 

Եղան նաև որոշ օգտատերեր, որ տարածեցին կեղծ աղյուսակներ, որոնք իբրև վկայում էին, թե ընտրատեղամասում քաղաքական ուժի ստացած ձայների քանակը չի համապատասխանում ԿԸՀ-ում արտացոլված թվին։

Հայաստանում տեղի ունեցած ընտրություններում կոպիտ խախտումների, կեղծման ու ճնշումների մասին էին նաև հայտարարել որոշ ռուս գործիչներ և կրեմլյան քարոզչամիջոցներ (1, 2, 3)։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այս քարոզչամիջոցներին ՌԴ նախագահի աշխատակազմից են հրահանգել իրենց նյութերի բովանդակությունը։  

Կեղծ ընտրությունների թեզը արդեն մի քանի օր շարունակ ակտիվորեն շրջանառվում է սոցիալական ցանցերում։ 

Եվ միայն հունիսի 12-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները դիմեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ 

Հունիսի 14-ին արդեն ՀՀ ԿԸՀ-ն հրապարակեց 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերջնական պատկերը։ 

Ինչո՞ւ է «ընտրությունները կեղծվել են» թեզը այս ընտրություններից հետո ակտիվ շրջանառվում ու հատկապես ռուսական և ռուսամետ մեդիաների (1, 2, 3) կողմից այն դեպքում, երբ դիտորդական տարբեր առաքելությունների (1, 2, 3) գնահատականներում ընտրությունները կեղծելու մասին որևէ խոսք չկա։ Բացի այդ, նույն զեկույցներում չեն արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա։ 

«Կեղծված ընտրությունների» նարատիվը հաճախ դարձել է տեղեկատվական ազդեցության գործիք։ Այն նաև մեծ տեղ է զբաղեցնում օտար տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտությունների (FIMI) վերաբերյալ եվրոպական ուսումնասիրություններում։ 

Այսպես, FIMI սպառնալիքների մասին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) 2024 թվականի հունվարին հրապարակված երկրորդ զեկույցը  հիմնված է 750 հետազոտված միջադեպերի վերլուծության վրա։ 

Զեկույցում FIMI-ն նկարագրվում է որպես օտարերկրյա դերակատարների կողմից իրականացվող դիտավորյալ, համակարգված և ռազմավարական գործողությունների ամբողջություն, որի նպատակն է մանիպուլացնել փաստերը, շփոթություն առաջացնել, խորացնել հանրային բևեռացումը, անվստահություն առաջացնել ինստիտուտների նկատմամբ ու ազդել քաղաքական գործընթացների վրա։

Արտապատկերումը՝ զեկույցից

Զեկույցում հատուկ բաժին է նվիրված ընտրությունների ժամանակ FIMI գործողություններին։ Ըստ EEAS-ի՝ ընտրությունները տեղեկատվական մանիպուլյացիաների համար կարևոր թիրախ են, քանի որ դրանք հանրային ուշադրության կենտրոնում են և ուղիղ կապ ունեն իշխանության լեգիտիմության հետ։ Զեկույցը նշում է, որ FIMI դերակատարները կարող են թիրախավորել ոչ միայն ընտրողներին կամ թեկնածուներին, այլև հենց ժողովրդավարության նկատմամբ վստահությունը։

Այդ մեխանիզմներից մեկը ընտրական համակարգը թույլ, վերահսկելի կամ մանիպուլյացիաների համար բաց ներկայացնելն է։ Նման դեպքերում տարածվում են ընտրակեղծիքների, նախապես պայմանավորված արդյունքների, քվեարկության խախտումների կամ ձայների հաշվարկի անվստահելի լինելու մասին պնդումներ։ 

EEAS-ի զեկույցը առանձնացնում է նաև հետընտրական փուլը՝ որպես տեղեկատվական ազդեցության համար առանձնապես զգայուն ժամանակահատված։ Քվեարկության ավարտից հետո, երբ ձայները դեռ հաշվարկվում են, հրապարակվում են նախնական արդյունքները, մանիպուլյացիոն գործողությունները կարող են ուղղվել ընտրությունների արդյունքները ապալեգիտիմացնելուն։ Զեկույցում նշվում է, որ եթե մինչ այդ արդեն տարածվել են կեղծիքների, ճնշումների կամ ընտրական գործընթացի նկատմամբ կասկած հարուցող պնդումներ, ապա դրանք կարող են հետընտրական փուլում օգտագործվել արդյունքների լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար։

EEAS-ի վերոնշյալ գրաֆիկից երևում է, որ հետընտրական շրջանը գնահատվում է որպես բարձր ռիսկային փուլ, քանի որ այս փուլում են հաճախ սկսվում ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող արշավները, ընտրությունների լեգիտիմությունը վիճարկող նարատիվները, ընտրակեղծիքների մասին չապացուցված մեղադրանքները, բողոքի և քաղաքական ճգնաժամի կոչերը։

Հայաստանի հետընտրական տեղեկատվական դաշտում կարելի է նկատել այս օրինաչափությանը բնորոշ մի շարք տարրեր: 

Սկզբում շրջանառության մեջ դրվեցին կեղծիքների, խախտումների և ճնշումների մասին պնդումներ։ Դրանք վերարտադրվեցին նաև ռուսական և ռուսամետ մեդիաների կողմից։ Այնուհետև նույն թեզերը սկսեցին օգտագործվել ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար։

Կարդացեք նաև — «Ուժեղ Հայաստանի» համակիր օգտահաշիվներից՝ մինչև Պետդումայի պատգամավոր․ «20 տոկոս ձայներ գողանալու» առեղծվածը

Կարևոր է նշել, որ FIMI հասկացությունը վերաբերում է օտար դերակատարների կողմից իրականացվող տեղեկատվական ազդեցության գործողություններին։ Հետևաբար, ընտրությունների արդյունքները վիճարկող ցանկացած քաղաքական հայտարարություն ինքնին չի կարող դիտարկվել որպես FIMI առանց արտաքին համակարգված ազդեցության կամ միջամտության ապացույցների։ 

Ընտրությունների արդյունքները բողոքարկելը ժողովրդավարական գործընթացի մաս է, եթե այն հիմնված է փաստերի, իրավական ընթացակարգերի և ստուգելի ապացույցների վրա։ Սակայն երբ «ընտրությունները կեղծվել են» պնդումը տարածվում է առանց բավարար ապացույցների, արագորեն շրջանառվում քարոզչական տարբեր հարթակներով և օգտագործվում ընտրական համակարգի նկատմամբ ընդհանուր անվստահություն ձևավորելու համար, այն կարող է դառնալ տեղեկատվական ազդեցության գործիք։

Այս տեսանկյունից Հայաստանի հետընտրական դիսկուրսը տեղավորվում է FIMI-ի այն տրամաբանության մեջ, որը նկարագրված է EEAS-ի զեկույցում՝ ընտրություններից առաջ կամ հետո ստեղծել կասկածի մթնոլորտ, ներկայացնել ընտրական համակարգը որպես անվստահելի, իսկ հետո այդ կասկածը օգտագործել արդյունքների լեգիտիմությունը վիճարկելու համար։

Նման խոսույթի վտանգը միայն կոնկրետ ընտրությունների շուրջ ստեղծվող քաղաքական լարվածությունը չէ։ Դրանք կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ հասարակության վրա՝ նվազեցնելով վստահությունը ընտրական գործընթացի, դիտորդական առաքելությունների, դատարանների և ընդհանրապես, ժողովրդավարական մեխանիզմների նկատմամբ։

Այդ պատճառով կարևոր է տարբերակել փաստերի վրա հիմնված ընտրական բողոքարկումը և ապացույցներով չհիմնավորված «կեղծված ընտրությունների» նարատիվը։ 

Ընտրությունների արդյունքների բողոքարկումը ժողովրդավարական վերահսկողության գործիք է, իսկ ընտրություններ կեղծելու մասին չհիմնավորված խոսույթը կարող է վերածվել ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հանրության վստահությունը քայքայող ինֆորմացիոն ազդեցության մեխանիզմի։

FIMI-ի ազդեցությունը մյուս երկրներում 

EEAS-ի զեկույցը ընդգծում է, որ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI) գլոբալ սպառնալիք է, որի թիրախում հայտնվել են ընդհանուր առմամբ 53 տարբեր երկրներ:

Ըստ այդ զեկույցի (2024թ․)՝ Ուկրաինան շարունակում է մնալ FIMI գործողությունների կողմից ամենաշատ թիրախավորված երկիրը։ Այս առումով այդ երկրի հետ կապված արձանագրվել է 160 դեպք: Ռուսաստանն օգտագործում է մանիպուլյացիան որպես գործիք Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ պատերազմն արդարացնելու և երկրի կայունությունը խաթարելու համար:

Ուկրաինայից հետո ամենաշատ հարձակումների ենթարկված երկրներն են ԱՄՆ-ը (58 դեպք), Լեհաստանը (33 դեպք), Գերմանիան (31 դեպք), Ֆրանսիան (25 դեպք) և Սերբիան (23 դեպք):

Զեկույցը մանրամասն ուսումնասիրում է FIMI միջադեպերը հետևյալ երկրների ընտրությունների համատեքստում՝ Իսպանիա, Իտալիա, Կոսովո, Մոնտենեգրո, Լիբերիա, Նիդերլանդներ և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն:

Բացի թիրախներից, զեկույցը մատնանշում է նաև հիմնական դերակատարներին, որոնք իրականացնում են այս մանիպուլյացիաները: Ռուսաստանը և Չինաստանը նշվում են որպես հիմնական պետական սուբյեկտներ: Լեհաստանի ընտրությունների օրինակում հիշատակվում է նաև Բելառուսի պետական լրատվամիջոցների ներգրավվածությունը՝ լեհալեզու հարթակների միջոցով ապատեղեկատվություն տարածելու գործում:

Հասմիկ Համբարձումյան

The post «Կեղծված ընտրությունների» նարատիվը հետընտրական Հայաստանում և FIMI-ի հայտնի մեխանիզմները appeared first on FIP.AM.

Leave a comment